Տնտեսական

Լոռու մարզի տնտեսական ոլորտի կազմակերպությունների համաժողովը կխթանի համագործակցությունն ու մարզի տնտեսական զարգացումը

Վանաձորում տեղի է ունեցել Լոռու մարզի տնտեսական զարգացման՝ գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության ոլորտներում գործող տեղական և միջազգային դոնոր կառույցների համաժողով։ Այն կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ նախաձեռնությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրիշրջանակում։

Համաժողովի նպատակն էր մասնակից կառույցներին հարթակ և հնարավորություն տրամադրել իրենց ծրագրերը ներկայացնելու համար, տեղեկանալ մարզում գործունեություն ծավալող այլ կառույցների և ծրագրերի մասին՝ հետագայում գործողությունների կրկնություններից խուսափելու, միմյանց հետ համագործակցության եզրեր գտնելու, ինչպես նաև, հնարավորության շրջանակում, համաֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։

«Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այս համաժողովի բոլոր նախաձեռնող կողմերին և կազմակերպիչներին, իրականացնողներին: Գյուղատնտեսության, բնապահպանության և զբոսաշրջության ոլորտներում առաջատար դիրքեր գրավող դերակատարներին մեկ վայրում հավաքելը, նման կարևոր թեմաներով քննարկումների կազմակերպումը, վստահ եմ, էական նշանակություն կարող է ունենալ առաջիկայում լուրջ ծրագրեր մտահղանալու և կյանքի կոչելու համար, ինչը շատ կարևոր է մեր երկրի, մեր մարզի սոցիալ-տնտեսկական զարգացման առումով: Շատ կարևոր է նաև, որ նույն կամ նմանատիպ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները համաժողովի ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալու իրականացվող ծրագրերին, ինչը փոխգործակցության հնարավորություններ կընձեռի՝ նպաստելով ծրագրերն ավելի տարողունակ և բազմաճյուղ դարձնելու՝ ի շահ մեր երկրի ու մեր մարզի: Ուզում եմ նաև վստահեցնել, որ Լոռու մարզպետարանը պատրաստ է սատարել բոլոր ողջունելի նախաձեռնություններին», – բացման խոսքում նշեց Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը:

«Լոռու մարզում իրականացվում են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից։ Ծրագրերի արդյունավետությունն ու կայունությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգման հարթակ, որը թույլ կտա կոորդինացնել բոլոր ծրագրերի իրականացումը։ Այս համաժողովն այդ ուղղությամբ իրականացված առաջին քայլն է», – նշեց ՄԱԿ ՊԳԿ ավագ տնտեսագետ, ծրագրերի ղեկավար Վարդան Բարսեղյանը։

Համաժողովին մասնակցեցին մարզի շուրջ 25 կազմակերպություն։

LEAD ծրագիրը «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում»  (LEAD) ծրագրի բաղադրիչներից է։ Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանն ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում։ Այս քառամյա ծրագիրը կենտրոնանում է նշված մարզերում Եվրոպական միության LEADER մեթոդաբանության տեղայնացման վրա։ Այն աջակցում է համայնքների զարգացմանը նպաստող նախաձեռնություններին՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվածի ջանքերը:

Share