Տնտեսական

Տավուշում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կբացի ամբողջահատիկ ցորենի արժեշղթայի ուսուցման և ռեսուրսային կենտրոն

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Տավուշի մարզի Իջևան քաղաքում պաշտոնապես կբացի իր նոր ուսումնական և ռեսուրսային կենտրոնը։

Ուսումնական և ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրի շրջանակում, որի մեկնարկը տրվել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին տեղի ֆերմերների կողմից ամբողջահատիկ ցորենի ցանքով և շարունակվել Տավուշի մարզում ամբողջահատիկի արժեշղթայի երկայնքով իրականացված միկրոներդրումներով: Ներդրումները կատարվել են ամբողջահատիկ ցորենի ալրաղաց հիմնելու համար, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում և ամբողջահատիկով է ապահովում Տավուշի դպրոցները և հացաբուլկեղենի արտադրամասները։ Միևնույն ժամանակ,  ՊՀԾ-ն ներդրումներ է կատարել հացաբուլկեղենի փոքր արտադրամասերում՝ նրանց և դպրոցներին տրամադրելով սարքավորումներ, արևային կայաններ և անցկացրել ամբողջահատիկ հացի թխման ոլորտի դասընթացներ: ՊՀԾ-ն օգնել է մատակարարներին՝ կապելով նրանց շուկային, աջակցելով բրենդինգի և փաթեթավորման գործընթացին, և Իջևանում հատուկ ուսումնական և ռեսուրսային կենտրոն հիմնելով։

Ըստ աղբյուրի՝ ուսումնական և ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է ամբողջահատիկով նոր բաղադրատոմսեր ստեղծելու հնարավորությունները պահպանելու և ամբողջահատիկով թխել սովորեցնելու և թխված ապրանքները վաճառելու նպատակով։

«Քանի որ հացաբուլկեղենը Հայաստանում ամենաշատ սպառվող սննդամթերքներից մեկն է, ՊՀԾ-ն սկսել է աջակցել և ներդրումներ կատարել ամբողջահատիկի արժեշղթայում և մեծացնել ամբողջահատիկ հացի և հացաբուլկեղենի առկայությունը շուկայում: Ծրագրի նպատակն է նաև բարելավել մարդկանց շրջանում սննդային սովորությունները և նպաստել Հայաստանում պարենային համակարգերին:

Ծրագիրն հաջողության հասնելու համար ներառում է մի քանի բաղադրիչ: Իրազեկման և կրթական արշավներ․ շուրջ 200 մարդ բարելավել են իրենց գիտելիքները ամբողջահատիկ ցորենի մասին և կատարելագործել իրենց հմտությունները հաց թխելու մեջ: Բացի այդ, 71 ֆերմեր ստացել է 35,400 կգ ամբողջահատիկ ցորենի սերմացու և 2021 թվականին հավաքել է 425 տոննա ցորեն։

Տավուշի տեղական գործարանը ստացել է բարձր տեխնոլոգիական մեքենաների ներդրում, որն այս բիզնեսին հնարավորություն է տվել մշակել 1 ժամում 800 կգ ամբողջական հացահատիկային ալյուր, ինչը ապահովել է ամբողջահատիկի և հացաբուլկեղենի հասանելիությունը մարզում: Ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 11 աշխատատեղ՝ ապագայում ավելացնելու տեսլականով։

Տարածաշրջանի լավագույն հացաբուլկեղենի արտադրամասերից երեքը վերափոխվել են և պատրաստում են համեղ ամբողջահատիկ արտադրանք՝ սննդի անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

75 տեղական դպրոցների շուրջ 7000 դպրոցական երեխաներ հասանելիություն ունեն այս առողջարար և սննդարար հացին՝ որպես իրենց «Դպրոցական սնունդ» ծրագրի մի մաս։

ՊՀԾ-ն նաև աջակցել է հացաբուլկեղենի արտադրամասերին և ալրաղացին արևային կայանների տեղադրմամբ՝ փոքր բիզնեսի՝ սեփական շահութաբերությունը բարձրացնելու համար: Ավելին, և՛ հացաբուլկեղենի արտադրամասերը, և՛ ալրաղացը ապահովվել են արևային կայաններով՝ էլեկտրաէներգիայի ծախսերը 30%-ով նվազեցնելու համար։ Այսպիսով, էլեկտրաէներգիայի և գազի բարձր ծախսերի կրճատումը նաև նվազեցրել է արտադրության ինքնարժեքը, և հացաբուլկեղենի արտադրամասերը վաճառում են իրենց արտադրանքը մրցունակ գներով շուկայում՝ առողջ հացը հասանելի դարձնելով շուրջ 28,000 մարդու ողջ մարզում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Share