Բաժին. Տնտեսական

Ներսես Երիցյանը՝ Կենսաթոշակային ֆոնդերի խնայողություններ կրճատման մասին

Մենք ունենք թղթի վրա հաշվապահական եկամտաբերության անկում, ոչ թե փաստացի վնասներ

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում քաղաքացիների և պետության կողմից վճարված գումարները չեն պակասել: Այս մասին վստահեցրեց  ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ անդրադառնալով կենսաթոշակային ֆոնդերի բացասական եկամտաբերության խնդրին:

Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ եկամտաբերությունը, որը 1000 դրամ է եղել ստեղծման պահին, այս պահին էլ 1700 դրամ է: «Այսինքն՝ այն տարիների ընթացքում աճել է: Այսինքն՝ տարեկան առնվազն 7 տոկոսի կարգի աճել է մեր «փայի» արժեքը»,-ասաց Երիցյանը:

Ապա Ներսես Երիցյանը հավելեց. «Առաջինը՝ մեր և պետության կողմից տրված գումարներն առկա են, դրանք բացասական չեն գնացել: Անձինք, որոնք արդեն 7-8 տարի համակարգում են և մեծ կուտակումներ ունեն, բնական է, որ ավելի մեծ տատանումներ են տեսնելու՝ դրական և բացասական իմաստով: Այդուհանդերձ, ասում են, որ դրանք չիրացված են, այսինքն՝ վաղը, երբ գնաճը հետ եկավ, տոկոսադրույքները սկսեցին նվազել, այդ պորտֆելներն ինչքան նվազել են, շատ ավելի արագ աճելու են: Այսինքն մայր գումարը, որը վճարել ենք մենք, պետությունը, չի պակասել: Դրա վրա կա եկամուտ, այդ եկամուտն աճում էր շատ արագ, հիմա մի փոքր նվազել է»:

«Վնասներ կլինի, եթե մենք թոշակի գնանք, այդ ժամանակ ցածր լինի: Բայց երաշխիք կա՝ գնաճով ճշգրտված», – նշեց Երիցյանը:

Երիցյանն իր օրինակը բերեց՝ ինքը կուտակում է 2014 թվականից, իր մոտ հիմա մինուսները շատ բարձր են՝ 500-600 հազար դրամի: Սակայն հուլիսին արդեն իսկ 500 հազարը դարձել է 400 հազար: «Ամեն օր մեր քաղաքացիները կարող են տեսնել, թե ինչպես են իրենց կուտակումները վերագնահատում: Դա վերագնահատում է, կորուստ չէ»,-նշեց նա:

Այսպիսով` Երիցյանը վստահեցնում է, որ վերագնահատումը նորից կվերադառնա դրականի:

Share