ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 3-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի գլխավորած պատվիրակության հետ։
Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից և անդրադարձել համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերին ու միջոցառումներին։ Հանդիպմանը քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը և կարևորվել ծրագրի գնման գործընթացի փուլի ավարտը։ Կողմերը հույս են հայտնել, որ շինարարական աշխատանքների բուն գործընթացը կմեկնարկի սեպտեմբերին:
ՊԵԿ նախագահը և ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել են նաև ԵՄ ներդրումային պլանի ներքո Սյունիքի մարզում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի և մաքսային լաբորատորիայի կառուցմանն ուղղված` ՎԶԵԲ միջոցով ֆինանսավորման հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը հատկապես կարևորել է տնտեսվարողներին մեկ վայրում մաքսային վարչարարության ամբողջ ծառայությունների տրամադրման գործընթացը և փաստել, որ նշված երկու ծրագրերը՝ Մեղրիի մաքսակետի արդիականացումը և ԱՏԳ կենտրոնի հիմնումը, կփոխլրացնեն միմյանց՝ նոր ու բարձր որակ հաղորդելով մաքսային վարչարարության իրականացմանը։