Տնտեսական

ՊԵԿ դիտակետում շահութահարկի տարեկան հաշվարկներն են

Պետական եկամուտների կոմիտեն, հարկային տարվա ավարտից անմիջապես հետո, ամենօրյա ռեժիմով վերլուծության է ենթարկում շահութահարկի տարեկան յուրաքանչյուր հաշվարկ: ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության ուսումնասիրություններից ակնհայտ է  դառնում, որ բազմաթիվ են դեպքերը, երբ հարկ վճարողները ներկայացնում են շահութահարկի հաշվարկ առանց որևէ թվային ցուցանիշների, սխալ են հայտարարագրում հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկված շահութահարկի գումարները կամ առհասարակ չեն ներկայացնում հաշվարկ: Հաճախ են նաև դեպքերը, երբ ներկայացված հաշվարկները որևէ աղերս չունեն հարկ վճարողի ամբողջ տարվա ընթացքում հայտարարագրած ցուցանիշների հետ:

Հարկ վճարողների կողմից 2021թ.-ի ընթացքում հայտարարագրած խոշոր իրացման շրջանառության և շահութահարկով հարկման բազա համարվող ցուցանիշների պարագայում հարկ վճարողները չեն ներկայացրել  հաշվարկներ կամ ներկայացրել են այսպես կոչված 0-ական հաշվարկներ, որպեսզի խուսափեն սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար օրենքով նախատեսված տուգանքներից:  

Հարկ վճարողները շահութահարկի հաշվարկները լրացնելիս հաճախ են թույլ տալիս նաև տեխնիկական վրիպակներ, որոնց արդյունքում նույնպես սխալ են հաշվարկվում շահութահարկի գումարները: Վերլուծությունները ցույց են տալիս, որ տեխնիկական վրիպակներից առավել տարածված են այն դեպքերը, երբ, օրինակ, հարկվող շահույթ հայտարարագրելու պայմաններում տնտեսվարողները չեն հայտարարագրում դրան համապատասխան շահութահարկի գումարը: Նման դեպքերի ծանուցման և ճշտված հաշվարկների ներկայացման արդյունքում  հայտարարագրվել է շուրջ 4 մլրդ դրամ շահութահարկ:

Շահութահարկի տարեկան հաշվարկներում ցանկացած անհամապատասխանություն կամ շեղում հայտնաբերելու դեպքում կոմիտեն հնարավոր սեղմ ժամկետում՝ առնվազն 1-օրում ծանուցում է հարկ վճարողներին՝ առաջարկելով ինքնուրույն շտկել սխալները: Կոմիտեն հորդորում է ժամանակին արձագանքել ծանուցումներին և ուղղել թերացումները՝ լինեն դրանք ակնհայտ թույլ տրված սխալներ, թե տեխնիկական վրիպակներ: Հակառակ պարագայում՝ պակաս հայտարարագրված հարկերի մասով կկիրառվեն տուգանքներ, իսկ ավելի ուշ ժամկետում ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում կհաշվարկվեն տույժեր:

Share