Տնտեսական

Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին արագացել է մինչև 10,1 տոկոս

Մեծ Բրիտանիայում սպառողական գները հուլիսին տարեկան արտահայտությամբ կտրուկ բարձրացել են 10,1 տոկոսով: Այդ մասին վկայում են երկրի Ազգային վիճակագրական վարչության (ONS) տվյալները: Այսպիսով, գնաճն արագացել է հունիսի համեմատությամբ, երբ այն կազմում էր 9,4 տոկոս եւ եղել է առավելագույն ցուցանիշը ավելի քան 40 տարվա ընթացքում:

Վերլուծաբանները, որոնք մասնակցել են Bloomberg գործակալության կողմից անցկացված հարցմանը, երկրում անցած ամսին միջին հաշվով սպառողական գների ավելացման են սպասել 8,8 տոկոսով: Սպառողական գները նախորդ ամսվա համեմատությամբ ավելացել են 0,6 տոկոսով՝ հունիսին 0,8 տոկոսով աճից հետո: Փորձագետները միջին հաշվով սպասում էին 0,4 տոկոսով բարձրացման: Գնաճային ճնշման մեծացումը Մեծ Բրիտանիայում առավելապես կապված է սննդամթերքի գների բարձրացման հետ, նշում են ONS-ում:

Վարչության տվյալների համաձայն, վերջին անգամ երկրում գնաճի այսքան բարձր մակարդակ գրանցվել է 1982 թվականի փետրվարին: Այդ տարի գնաճը հունվարին հասել է գրեթե 11 տոկոս բարձրակետի եւ դեկտեմբերի դրությամբ իջել մինչեւ 6,5 տոկոս: Մանրածախ գները (RPI ինդեքս) տարեկան արտահայտությամբ կտրուկ բարձրացել են 12,3 տոկոսով՝ մեկ ամիս առաջ 11,8 տոկոսով աճից հետո: Հենց RPI ինդեքսն է օգտագործվում բրիտանական գործատուների կողմից աշխատավարձի շուրջ բանակցություններ անցկացնելիս: Նախորդ ամսվա համեմատությամբ RPI ինդեքսն աճելացել է 0,9 տոկոսով, ինչպես հունիսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share