Տնտեսական

«Ռոսատոմ» պետ​​կորպորացիան և Korea Hydro and Nuclear Power ընկերությունը «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի նախագծի աշխատանքներին մասնակցելու պայմանագիր են ստորագրել

«Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի ինժենիրինգային ստորաբաժանումը  («Ատոմստրոյէկսպորտ» ԲԸ, ԱՍԷ) և Կորեայի հիդրո և ատոմային էներգետիկայի կորպորացիան (Korea Hydro and Nuclear Power Co. Ltd, կրճատ՝ KHNP) պայմանագիր են կնքել Եգիպտոսում «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի նախագծի համար «տուրբինային կղզիների» կառուցման վերաբերյալ: Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ հարավկորեական ընկերությունը կայանի չորս էներգաբլոկներում կառուցելու է մոտ 80 շենք և շինություն, ինչպես նաև գնելու և մատակարարելու է սարքավորումներ և նյութեր ատոմակայանի «տուրբինային կղզիների» համար։

«Ատոմստրոյէկսպորտի հետ կնքած՝ «Տուրբինային կղզիների» կառուցման գործարքը, կարող է դիտվել որպես նշանակալի ձեռքբերում Կորեայի համար՝ հաստատելով շինարարության և նախագծերի կառավարման մեր հիանալի հնարավորությունները, որոնք ցուցադրվել են ԱՄԷ-ում: Ելնելով ԱՄԷ-ում ձեռք բերած մեր փորձից, KHNP-ն բոլոր ջանքերը կգործադրի «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի նախագծի հաջողությունն ապահովելու համար», – ասել է KHNP-ի նախագահ Հվանգ Ջու-հոն:

Պայմանագրի ստորագրմանը նախորդել են լուրջ նախապատրաստական ​​աշխատանքներ։ 2021 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդակցությունների արդյունքում «Ռոսատոմ» պետկորպորացիան հաստատել է KHNP-ին որպես միակ հայտատուին, ում թույլատրվել է բանակցություններ վարել և պայմանագիր կնքել առաջարկվող գործարքի համար՝ պայմանով, որ KHNP-ն համապատասխանի ԱՍԷ-ի գնումների ընթացակարգերի պահանջներին և կողմերի միջև համաձայնություն ձեռք բերի այդ մասին:

«Միջուկային արտադրությունը ոչ միայն կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհում էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի բավարարման և ածխածնային չեզոքության հասնելու գործում, այլ նաև միավորում է երկրները: Մենք՝ Ռոսատոմում խորապես համոզված ենք, որ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը չպետք է ընդհատվի տուրբուլենտության պայմաններում, այլ ընդհակառակը, մենք պետք է ամրապնդենք և ընդլայնենք այն՝ ելնելով մեր երկրների շահերից», – ասաց «Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի Զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի փոխտնօրեն, միջազգային բիզնեսի տնօրեն Բ.Ն. Արսեևը։

«Հուլիսին Նախագիծը թեւակոխեց լայնածավալ շինարարության փուլ։ «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը գրավիչ է միջազգային ընկերությունների համար։ KHNP-ն միանում է Նախագծի որակավորված մասնակիցների խմբին, որոնց թվում են տեղում շինարարական աշխատանքներում ներգրավվելու համար ընտրված եգիպտական ​​խոշոր ընկերությունները», – ասաց ԱՍԷ ԲԸ-ի ԱԷԿ-ի շինարարական ծրագրերի կառավարման ավագ փոխնախագահ Ալեքսանդր Կորչագինը: «Վստահ եմ, որ միայն ռուսական, եգիպտական ​​և կորեական թիմերի լավ համակարգված համատեղ աշխատանքի շնորհիվ մենք հաջողության կհասնենք այս մեծ նախագծի իրականացման գործում»։

Share