Տնտեսական

Հրապարակվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2022 թ. երրորդ համարը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, թողարկվել է «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարը:

Տեղեկագրի առաջին հոդվածում անդրադարձ է կատարվում վերջին տասնամյակում  ՀՀ տնտեսության ամենաբարձր աճի տեմպ ունեցեղ «մշակույթի, զվարճությունների և հանգստի» ճյուղին։ Տնտեսագիտության թեկնածու, հոդվածի հեղինակ Նարեկ Կարապետյանն ընդգծում է, որ, ըստ էության, այս անվանման տակ «թաքնված» է խաղային ոլորտը։

«Ի՞նչ է սպասվում համաշխարհային տնտեսությանը. զարգացման միտումները»  հոդվածում անդրադարձ է կատարվում համաշխարհային տնտեսության զարգացման հնարավոր միտումներին՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։ Հոդվածի հեղինակ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վահե Բուլանիկյանը եզրակացնում է, որ ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմը վերջ կդնի համաշխարհային տնտեսության գլոբալացման միտումներին, որոնք գերակայում էին վերջին երեսուն տարիներին, և կխթանի հովանավորչական քաղաքականության նոր ալիքի առաջացումը։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում անձանագրվել է համաշխարհային ծնելիության մակարդակի նվազման միտում: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մանուկ Մովսիսյանը և տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Կարապետյանն ուսումնասիրել են ՀՀ-ում և մի շարք երկրներում պետության կողմից ծնելիության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև ծնելիության մակարդակի վրա դրանց ունեցած ազդեցությունները։

Քաղաքային բնակավայրերում բնակչության թվի ավելացումը առաջ է բերում բազում հիմնախնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է «խելացի քաղաք» հայեցակարգի ներդրմամբ։ Այս հայեցակարգն արդեն իսկ կիրառվում է աշխարհի մի շարք քաղաքներում։ ՀՊՏՀ ասպիրանտ Արաքսյա Բարսեղյանն անդրադարձել է «խելացի քաղաք» հայեցակարգի օգուտներին, ինչպես նաև դրա առաջ բերած բացասական հետևանքներին։

Երևանի զարգացման 2019-2023 թթ. հնգամյա ծրագրի երեք և կես տարին դարձել է պատմություն, հետևապես, փաստացի արդյունքների հիման վրա կարելի է կատարել կատարողականի աստիճանի իրավիճակային վերլուծություն։ Տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանն ընդգծում է, որ ցուցանիշների համեմատականը վկայում է քաղաքաշինության ու ճարտարապետության կարևորագույն ոլորտում խոստումների գերակշիռ մասը թերակատարելու և չիրականացնելու մասին։

Տալինի համալսարանի պրոֆեսոր Մաթի Հեյդմեթսը և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Մխիթարյանը ուսումնասիրել են հայերի և էստոնացիների մտածելակերպի ու վարքագծի տարբերությունները։

Հիբրիդային պատերազմը թշնամական գործողությունների տեսակ է, որի դեպքում հարձակվող կողմը չի դիմում ռազմական ներխուժման դասական եղանակին, այլ օգտագործում է հակառակորդին ճնշելու տարբեր ձևերի համադրություններ` քողարկված գործողություններ, դիվերսիաներ, կիբեռհարձակումներ, տեղեկատվական ներգործություն և այլն: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոֆյա Օհանյանն իր հոդվածում ներկայացնում է հիբրիդային գործողություններին դիմադրելու համալիր մոդելի ձևավորման հնարավորությունները։

Տեղեկագիրն ամբողջությամբ կարող եք ընթերցել համարի առցանց տարբերակում։

Share