Բաժին. Տնտեսական

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՎԻՏԱՄԱՔՍ-Ե» ԵՎ «ՄՈՒՐԱԴ ՍԱՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ` սեպտեմբերի 5-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել է «Վիտամաքս-Ե» և «Մուրադ Սար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:

«Վիտամաքս-Ե» բժշկա-դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1997թ. Երևանում: Ընկերությունը սկսել է իր գործունեությունը կենսաբանական ակտիվ հավելումների ներկրումից ու վաճառքից`առաջին անգամ տարածաշրջանում արտադրելով և իրացնելով «Նարինե» պրոբիոտիկը, ինչը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել համաշխարհային դեղագործական շուկայում: Ընկերության արտադրանքն արտահանվում է Ուկրաինա, Ճապոնիա, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Լատվիա, Լիտվա, Ուզբեկստան, Ղազախստան, Բելգիա, Գերմանիա, ԱՄՆ և այլ երկրներ: 2004թ. ընկերությունը սկսել է նոր` լակտո, բիֆիդո և կոլի բակտերիաներ պարունակող բակտերիալ պրեպարատների արտադրություն: Ընկերության արտադրանքը լիովին համապատասխանում է միջազգային ժամանակակից GMP ստանդարտներին:

«Ակնհայտ է, որ ձեռնարկությունն արդեն ձևավորված է թե’ կառավարման և թե’ իրացման շուկաների առումներով»,-«Վիտամաքս-Ե» ընկերություն կատարած այցն ամփոփելով ասել է Էկոնոմիկայի նախարարը` հավելելով, որ շատ կարևոր է նաև այն փաստը, որ ձեռնարկության արտադրանքը պատրաստվում է հիմնականում տեղական հումքից:

Էկոնոմիկայի նախարարը այցելել է նաև «Մուրադ Սար» ընկերություն, որը հիմնադրվել է 2004թվականին և մասնագիտացած է պոլիվինիլքլորիդային հումքից մետաղապլաստե պրոֆիլների, ինչպես նաև դրանց հիմքի վրա դռների և պատուհանների արտադրության մեջ: 

Ընկերությունը 2009թ. ձեռք է բերել դռների և պատուհանների արտադրության համար ավստրիական 4 հոսքագիծ` 400 տոննա ամսական ընդհանուր հզորությամբ: Նույն թվականին ընկերությունում ներդրվել և գործում է որակի կառավարման ISO 9001 համակարգ: Ձեռնարկության բանվորական և ինժեներա-տեխնիկական անձնակազմը վերապատրաստվել է Ավստրիայում: 

Շրջելով ձեռնարկության տարածքով և ծանոթանալով արտադրական գործընթացներին և հնարավորություններին` Տիգրան Դավթյանը գոհունակությամբ նշել է, որ տեղական ընկերությունները կարողանում են թողարկել այնպիսի բարձրորակ և մրցունակ արտադրանք, որը բավարարում է ոչ միայն ներքին սպառողին, այլև իր տեղն է գտել միջազգային շուկաներում:

Share