Բաժին. Տնտեսական

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԴԵՌԵՎՍ ՊԱՍԻՎ Է

2011թ. հուլիսին մեր հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 13960 գործարքներ, որոնց քանակը 2011թ. հունիսի համեմատ նվազել է 17.7%-ով, իսկ «հետճգնաժամային» 2010թ. հուլիսի համեմատ` աճել ընդամենը 2.2%-ով:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխանցմամբ` 2011թ. հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ծավալի 34.8%-ը բաժին է ընկել մայրաքաղաքին: ՀՀ մարզերում անշարժ գույքի շուկաները շարունակում են պահպանել իրենց «կայուն պասիվությունը»: Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների տեսանկյունից փոքր-ինչ ակտիվություն գրանցվել է Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում:
Միևնույն ժամանակ, հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների բաշխվածության տեսանկյունից նույնպես շուկայում զգալի տեղաշարժեր չեն գրանցվել: Այսպես, այս մեկ ամսվա ընթացքում  անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների զգալի մասը` շուրջ 27.4%-ը, օտարման գործարքներ են,15.6%-ը` առաջնային գրանցման, 14.9%-ը` գրավադրման, 4.6%-ը` վարձակալության, 12.4%-ը` ժառանգության:
Նշենք նաև, որ 2011թ. հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3830 օտարման  գործարքների 73.7%-ը կազմել են առուվաճառքները, 25.5%-ը` նվիրատվությունները և 0.8%-ը`  փոխանակությունները:
Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39.8%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 40.2%-ը հանդիսանում են  բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
2011թ. հուլիսին, 2011թ.  հունիսի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 10.1%-ով, իսկ 2010թ. հուլիսի համեմատ աճել` 1.7%-ով:
Share