Տնտեսական

Այս ամառ շուրջ 25 միլիոն զբոսաշրջիկ է հանգստացել Ռուսաստանում

Ռուսաստանի տարածաշրջաններում հուլիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակաշրջանում հանգստացող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 25 միլիոն. դա ավելի շատ է, քան 2021 թվականին եւ 2019 թվականի համավարակից առաջ էր: Այդ մասին հայտնել է «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան:

«Մայիս ամսից մինչեւ օգոստոս երկրում հանգստացել է շուրջ 25 միլիոն մարդ, ինչը գերազանցել է անցյալ տարվա եւ համավարակից առաջ արձանագրված ցուցանիշները: Ղրիմում հանգիստն անցկացնելու պահանջարկի անկումը 19 տոկոս է՝ 2021 թվականի համեմատությամբ, իսկ Կրասնոդարի երկրամասում զբոսաշրջիկների հոսքի ցուցանիշները նույնիսկ անցյալ տարվա ցուցանիշները գերազանցել են մի քանի տոկոսով»,-նա գրել է իր Telegram-ալիքում:

«Ռոստուրիզմ»-ի ղեկավարը հավելել է, որ էքսկուրսիոն քաղաքային ուղեւորությունների համար ուղղություններում առաջատարներն են Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան եւ Մոսկվայի մարզը, Նիժնի Նովգորոդը, Կազանը, Զոլոտոյե կոլցոյի եւ Ռուսկի Սեւերի պատմական քաղաքները:

«Անցյալ տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի աճել է հետաքրքրությունը Հյուսիսային Կովկասում հանգստանալու նկատմամբ»,-ընդգծել է նա: «Ռոստուրիզմ»-ի տեղեկատվության համաձայն, աշնանային շրջագայությունների ուղեգրերի վաճառքն ավելացել է 2-3 անգամ՝ տուրիստական քեշբեքի ծրագրի շնորհիվ:

Տուրօպերատորների տեղեկատվության համաձայն, Հյուսիսային Կովկասի հանրապետությունների թվում զբոսաշրջիկների հետաքրքրության աճով առաջատարն անցած ամռանը եղել է Դաղստանը: Տուրիստական հոսքն այնտեղ աճել է ոչ պակաս, քան 30 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share