Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Երևանի հանրակրթական դպրոցներում մեկնարկում է «Էլեկտրոնային դպրոց» ծրագրի երկրորդ փուլը: Մայրաքաղաքի դպրոցների ուսումնական և ֆինանսական գործունեությունն այդպիսով կմուտքագրվի Դպրոցների կառավարման տեխնոլոգիաների համակարգ:  Համաժամանակյա ռեժիմով համակարգը կվերահսկի դպրոցների կառավարման ողջ գործընթացը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին ուսուցիչները դասամատյանի ողջ տեղեկատվությունը կմուտքագրեն դպրոցի համակարգի բազա, որի շնորհիվ աշակերտների ծնողները, ըստ էության, համացանցի միջոցով հնարավորություն կստանան հետևելու իրենց երեխաների առաջադիմությանը: Յուրաքանչյուր դպրոցում մեկական օպերատոր աշխատանքային օրվա ավարտին հետևելու է տվյալների անթերի մուտքագրմանը, իսկ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ամիսը մեկ անգամ դպրոցների պատահական ընտրության սկզբունքով վերահսկելու է դասամատյանների և այլ տվյալների համապատասխանությունը դպրոցի  կառավարման տեխնոլոգիաների համակարգ մուտքագրվածի հետ:

Երևանի քաղաքապետարանը կարող է տեսնել բոլոր դպրոցների տվյալները և կատարել ուսումնական տարվա վերլուծություն՝ ըստ առաջադիմության դինամիկայի, ծրագրերի կիրառման արդյունավետության: Դպրոցների կառավարման տեխնոլոգիաների համակարգի տվյալների վերլուծությամբ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը գնահատելու է դպրոցի առաջադիմությունը, վերահսկելու է ֆինանսական շարժերը: «Ծրագիրը կհանգեցնի նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,- համոզված է հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: «Այսօր հաջողությամբ գործում է «Օգնիր դպրոցիդ» ծրագիրը, որը ֆինանսական մեծ հոսքեր է ենթադրում դեպի դպրոցներ: Բացի այդ, քաղաքապետարանն է ֆինանսավորում դպրոցին աշակերտ/թվաքանակով: Նկատենք, որ այստեղ խնդիրը ոչ թե դպրոցին չվստահելն է, այլ առավել թափանցիկ ու նպատակային համագործակցելը` հատկապես հաշվի առնելով, որ դպրոցներում շատ նորամուծություններ են լինելու»,- շեշտել է հանրակրթության վարչության պետը:

«Դպրոցների կառավարման տեխնոլոգիաների համակարգ» ծրագիրը փորձնական փուլը հաջողությամբ է անցել Սյունիքի ու Տավուշի քաղաքային ու գյուղական և Երևանի թվով 3 դպրոցներում, այդ թվում նաև Նաիրի Զարյանի անվան համար 130 դպրոցում, որտեղ էլ կազմակերպվել էր ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը մշակող ու համակարգող ընկերությունները՝ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնն ու «Գործունեություն և ուսուցում» հասարակական կազմակերպությունը մայրաքաղաքի բոլոր դպրոցներին նվիրել են դպրոցների կառավարման վերաբերյալ գրականություն ու տեղեկատվական պաստառներ: 

Share