Բաժին. Տնտեսական

ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐՈՎ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ` սեպտեմբերի 7-ին, ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին: Խոսելով երկկողմ գործակցության և ապրանքաշրջանառության ծավալների մասին` դեսպանը նշել է, որ բելառուսական արտադրողները հետաքրքրություն են ցուցաբերել Երևանի քաղաքային տնտեսության մեջ իրականացվող ծրագրերի հանդեպ` հատկանշելով ավտոբուսների ձեռքբերմանն ուղղված գործընթացը:

Ներկայացնելով մայրաքաղաքում  տրանսպորտային բարեփոխումներին ուղղված քայլերը` քաղաքապետը նշել է, որ առաջիկայում մայրաքաղաքում կկիրարկվի նոր երթուղային ցանց, և հասարակական տրանսպորտում առաջնահերթությունը տրվելու է մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներին: Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը բանակցում է տարբեր արտադրողների հետ, և այս ուղղությամբ ներկայացվող առաջարկությունները կարող են հետաքրքիր ու շահավետ լինել նաև բելառուսական ընկերությունների համար:

Արդեն հոկտեմբերին Երևան կներկրվեն չինական արտադրության ավելի քան 60 ավտոբուսներ, սակայն, ինչպես նշել է քաղաքապետը, մայրաքաղաքում մեծ տեղատարողության ավտոբուսների պահանջարկ դեռ կա:

Ստեփան Սուխորենկոն իր հերթին նշել է, որ փոխադարձ հետաքրքրությունն ու փոխշահավետ առաջարկները կօգնեն գտնել գործակցային տարբերակներ, և այդ նպատակով առաջիկայում բելառուսական պատվիրակությունը կայցելի Երևան:
Share