Բաժին. Տնտեսական

ՇՐՋԱՅՑ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ

Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին  և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ` սեպտեմբերի 7-ին, աշխատանքային օրը սկսել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն կատարած շրջայցով: Քաղաքապետը նախ ծանոթացել է մետրոպոլիտենի կառավարման համակարգերին, որոնք  դեռևս  խորհրդային ժամանակների արտադրության սարքավորումներ են: Կարեն Կարապետյանը հստակ խնդիր է դրել կարճ ժամկետում արդիականացնել դրանք` փոխարինելով ավտոմատացված նորագույն սարքավորումներով, և հանձնարարվել է կազմել անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական փաթեթ:

Այնուհետև քաղաքապետը հետևել է նաև վերջերս մետրոյի կայարաններում տեղադրված տեսախցիկների աշխատանքին:  Ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով «Անվտանգ Երևան» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի տասը կայարաններում տեղադրվել է 186 տեսախցիկ, որոնց  աշխատանքին պլազմային մեծ մոնիտորներով 24 ժամ անընդմեջ հետևում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները:  Օրվա ավարտին տեսանյութերն ամբողջությամբ արխիվացվում են: Շուտով կավելանա ևս վեց մոնիտոր: Առաջիկայում տեսախցիկներ են տեղադրվելու նաև շարժակազմերի վագոններում:

Մետրոպոլիտենում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ շուտով  գործող 45 շարժակազմերին կավելանան ևս երկու` ամբողջությամբ վերանորոգված ու նորովի ձևավորված շարժակազմեր:

Ծանոթանալով նաև մետրոպոլիտենի առօրյա խնդիրներին` Կարեն Կարապետյանը  հանձնարարել է «Սասունցի Դավիթ», «Շենգավիթ», «Գործարանային», «Գարեգին Նժդեհ» և «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանների հիմնանորոգման աշխատանքների համար ուսումնասիրել և կազմել զարգացման հստակ ծրագիր:

«Մետրոյի հետագա զարգացման  ռազմավարությունը պատկերացնելու համար  մետրոպոլիտենի տնօրինությանը հանձնարարվել է մշակել կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ ծրագիր: Ինչ խոսք, նոր կայարանների կառուցման խնդիրը անհրաժեշտություն է, սակայն ցավոք այսօր այն բավականին  թանկ հաճույք է: Միայն Աջափնյակ թաղամասի երկու կայարանների կառուցումը  ավելի քան 200-250 միլիոն դոլար կարժենա: Բայց  և այնպես վստահ եմ` կգա այն օրը, երբ կունենանք նոր կայարաններ: Նաև դրա համար է, որ առաջարկել ենք  ծրագիր և հայեցակարգ  ներկայացնել»,- նշել է քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը զրուցել է նաև ուղևորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները` մետրոյի, սպասարկման որակի և արդյունավետության հետ կապված:
Share