Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԿՆԵՐԿԱՅԱՆԱ «ՎԱՏ» ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ

Արժույթի Միջազգային Հիմադրամը (ԱՄՀ) վերանայել է իր կանխատեսումները համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ: 2011 թվականի համար ԱՄՀ-ն այժմ ակնկալում է համաշխարհային տնտեսության 4% աճ` մինչ այս կանխատեսված 4.2%-ի փոխարեն:  Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով ԱՄՀ-ի World Economic Outook զեկույցի «սևագիր» տարբերակին, որն «անհայտ» ճանապարհով հայտնվել է ամերիկյան մամուլի ներկայացուցիչների մոտ: Նշենք, որ իր պաշտոնական կանխատեսումները ԱՄՀ-ն կհրապարակի սեպտեմբերի 20-ին:

Հատկանաշական է, որ եթե ԱՄՀ-ն պաշտոնապես հաստատի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսվող մակարդակի նվազման փաստը, ապա կստացվի, որ վերջին մի քանի ամիսների կտրվածքով ԱՄՀ-ն նվազեցնում է իր կանխատեսոումներն արդեն երկրորդ անգամ: Նման զարգացումը կարող է բացասական ազդեցություն թողնել շուկայի մասնակիցների «տրամադրության» վրա:

Նշենք նաև, որ ըստ ԱՄՀ զեկույցի «սևագիր» տարբերակի` 2011 թվականի համար ԱՄՀ-ն կանխատեսում է նաև Եվրագոտում տնտեսական աճի տեմպերի անկում: ԱՄՀ վերլուծաբաններն ընթացիկ տարվա արդյունքներով Եվրագոտու համար ակնկալում են ՀՆԱ-ի 1.7% աճ:
Share