Բաժին. Տնտեսական

ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿՐՃԱՏԵԼ ՀԱՐԿԵՐՆ ՈՒ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Երեկ երեկոյան, սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է իր վարչակազմի կողմից մշակված և ամերիկյան տնտեսության խթանմանն ուղղված նոր ծրագիրը: Associated Press-ի փոխանցմամբ` այս ծրագրով նախատեսվում է միայն գործազրկության դեմ պայքարին ուղղել շուրջ 447 մլրդ դոլար:  Ընդհանուր առմամբ, Օբամայի նոր ծրագիրը ենթադրում է նոր աշխտատատեղերի ստեղծում և աշխատավարձերի հարկման  դրույքաչափերի իջեցում: 

Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը, ծրագրի շրջանակներում, 35 մլրդ դոլար կուղղի ուսուցիչների և շտապ օգնության ոլորտի աշխատակիցների կրճատումների դեմ պայքարին, 50 մլրդ դոլար` գործազրկության նպաստների վճարմանը:

ԱՄՆ նախագահն իր նոր ծրագրի շրջանակներում կարևորել է նաև ենթակառուցվածքների զարգացումը. շուրջ 10 մլրդ դոլար նախատեսվում է ուղղել նոր ճանապարհների, օդանավակայանների կառուցմանը:

Նշենք, որ Բարաք Օբամայի հավաստմամբ` այս նոր ծրագրով նախատեսվող ծախսերը չեն մեծացնի առանց այլ էլ մեծ ծավալների հասնող պետական բյուջեի պակասուրդը:

Ամերիկյան տնտեսության խթանմանն ուղղված նոր ծրագիրը, որը ստացել է American Jobs Act անվանումը, այժմ ներկայացված է ամերիկյան խորհրդարանի երկու պալատների քննակմանը:

Share