Բաժին. Տնտեսական

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲ-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ ԱՍԱԴ ԱԼԱՄԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` սեպտեմբերի 12-ին, ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շուրջ ընթացող ծրագրերի իրականացման ընթացքին, համաշխարհային տնտեսության ներկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին: Վարչապետն Ասադ Ալամին է ներկայացրել մեր երկրի տնտեսական համակարագում իրականացվող զարգացմանն ուղղված քայլերը և գործողությունները, մասնավորապես, մանրամասներ է ներկայացրել արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում ընթացող միջոցառումների վերաբերյալ:
Զրուցակիները կարևորել են Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության հետագա զարգացումը՝ ընդգծելով, որ դրա համար ստեղծվել են լուրջ հիմքեր: Տիգրան Սարգսյանն այս համատեքստում բարձր է գանահատել Ասադ Ալամի և նրա աշխատանքային խմբի գործունեությունը՝ մեր երկրի կառավարության հետ աշխատանքներում: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը մեր երկրում արագ ընթանա, որովհետև մենք դրա կարիքն ունենք: Արագ փոփոխվող աշխարհում մենք պետք է հիմնական շեշտը դնենք մեր ներքին պոտենցիալի վրա և այդ համատեքստում մի շարք ոլորտներում ընթացող ծրագրերը մեծապես կարևոր են, արդյունավետ և նպատակային՚»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քայլերը, մասնավորապես, ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի և այդ նպատակով համապատասխան կարողությունների ձևավորման մանրամասները:

 

Share