Բաժին. Տնտեսական

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ BOSCH ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ

Մայրաքաղաքի դպրոցների աշխատանքի ուսուցման կաբինետ-լաբորատորիաները  էլեկտրական աշխատանքային գործիքներով և սարքավորումներով համալրելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ-ում ու ԱՊՀ երկրներում գերմանական Bosch ընկերության էլեկտրասարքավորումների վաճառքի գծով տարածաշրջանային տնօրեն Լուտց Մարշալի հանդիպման ընթացքում։
Նշելով, որ ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում, նաև կրթական ոլորտում համագործակցության մեծ փորձ ունի` Լուտց Մարշալը ընկերության անունից Երևանում նմանատիպ, սակայն ավելի ընդգրկուն ծրագրի իրականացման պատրաստակամություն է հայտնել, հավելելով, որ համապատասխան աշխատանքային գործիքներով ու սարքավորումներով դպրոցները համալրելուց զատ՝ ընկերությունը պատրաստ է նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել։
Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը՝ շեշտելով դպրոցականների դաստիարակության գործում աշխատանքային հմտությունների զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ «Մենք պատրաստ ենք համագործակցության, առավել ևս, եթե այդ համագործակցությունը օգուտ է  բերելու երեխաներին»,– նշել է Երևանի քաղաքապետը։
Կարեն Կարապետյանը հյուրերին  նաև ներկայացրել է քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ընկերության համար։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հնարավոր այլ ոլորտներում համագործակցության խնդիրներ քննարկելու նպատակով ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կրկին կայցելեն քաղաքապետարան։
Share