Բաժին. Տնտեսական

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ

Այսօր` սեպտեմբերի 15-ին,  տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումն ավելի դյուրին դարձնելու անհրաժեշտությամբ։ Դա վերաբերում է առողջապահության բնագավառում իրականացվող թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի արտոնագրման գործընթացին։

Միևնույն ժամանակ, իր չորս որոշումներով կառավարությունն իր նախկին որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են տրանսպորտային միջոցների դեղին հիմնագույնի համարանիշների տրամադրման գործընթացում կատարվող փոփոխություններով։ Որոշումների փաթեթի ընդունմամբ լիզինգային կազմակերպություններն օրենսդրական հնարավորություն կստանան լիզինգի առարկա տրանսպորտային միջոցը լիզինգառուին ի սեփականություն տրամադրելիս անմիջականորեն նրան տրամադրել նաև այդ տրանսպորտային միջոցին հատկացված դեղին հիմնագույնի համարանիշները։ «Սրանով մենք հեշտացնում ենք մեր քաղաքացիների կյանքը, – նշել է Տիգրան Սարգսյանը։ – Խոսքը հատկապես վերաբերում է լիզինգ իրականացնելիս գործարքի կողմերին ընձեռվող այս հնարավորությանը»։

Share