Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՇԱՐԺԱԿԱԶՄՈՎ

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների նախօրյակին, Երևանի մետրոպոլիտենի 30-ամյակի կապակցությամբ, հաճելի ու սպասված անակնկալ է մատուցվել երևանցիներին: Երթուղի է դուրս եկել  նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով նոր շարժակազմ:  Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից` նոր շարժակազմի մեկնարկային շնորհանդեսին մասնակցել և  առաջին ուղևորներից մեկը եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, ով շրջել է վագոններում ու համոզվել, որ հարմարավետ երթևեկելու համար ամեն ինչ արված է:  Քաղաքապետի առաջին տեղակալը եղել է նաև ավտոմատ կառավարման համակարգերով կահավորված մեքենավարական խցիկում:

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն էլ վստահեցրել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր գնացքն առաջինն է, բայց ոչ վերջինը: 

Նոր գնացքը 15 տարի շահագործման ժամկետ ունի: Նա նաև ընդգծել է, որ այս և համակարգում շարունակաբար ընթացող բարեփոխումները կատարվում են մետրոպոլիտենի զարգացման ծրագրի շրջանակում, որը կառավարության կողմից հաստատվել է 2008 թ.-ին՝  հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մետրոպոլիտեն կատարած շրջայցից հետո: Ծրագրերի շարունակականության մասին ևս մեկ անգամ վստահեցրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` Երևանի մետրոպոլիտեն կատարած այցելության ժամանակ:
Ի դեպ, նոր գնացքի մեքենավարները վերապատրաստվել են, քանի որ շարժակազմը կառավարվում է բորտ-համակարգիչներով:
Share