Տնտեսական

Եվրամիությունը գազի պահեստարանները լցրել է ավելի քան 90 տոկոսով

Գազի ներմղումը Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններ շարունակվում են, դրանք լցվել են արդեն ավելի քան 90 տոկոսով: Այդ մասին վկայում են Եվրոպայի գազի ենթակառուցվածքի օպերատորների ասոցիացիայի (Gas Infrastructure Europe, GIE) տվյալները:

Հոկտեմբերի 5-ին գազի օրվա վերջի (ավարտվել է հոկտեմբերի 6-ին Երեւանի ժամանակով 08:00-ին) դրությամբ գազի ստորգետնյա պահեստարանները (ԳՍՊ) լցվել են 90,12 տոկոսով, օրվա ընթացքում աճը կազմել է 0,24 տոկոսային կետ: Ընդամենը դրանցում շուրջ 97,39 միլիարդ խորանարդ մետր Է: ԵՄ-ի կանոններով բոլոր երկրները մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը պետք է ԳՍՊ-ները լցնեն ոչ պակաս քան 90 տոկոսով: 80 տոկոսի ցուցանիշի դեռ չեն հասել Բուլղարիայում (77,79 տոկոս), Հունգարիայում (74,76 տոկոս) եւ Լատվիայում (53,13 տոկոս):

Ընդ որում` Եվրամիությունում 27 երկրից ընդամենը միայն 18-ն ստորգետնյա կարողություններ ունի գազի պահպանման համար, իսկ դրանց տարողությունն անհավասարաչափ է: Գազի պահեստարանները սովորաբար ապահովում են ձմռանը Եվրոպայում գազի սպառման 25-30 տոկոսը, ամռանը հաղորդվել է Եվրահանձնաժողովի նյութերում: Նույնիսկ առավելագույնին մոտ  պաշարները ԵՄ-ի խոշոր երկրների ԳՍՊ-ներում չեն երաշխավորում աշուն-ձմեռ ժամանակաշրջանի հուսալի անցկացում, կարծում է «Գազպրոմ» ընկերությունը: Ավանդաբար ջեռուցման սեզոնը Եվրոպայում սկսվում է սեպտեմբերի կեսերին, թեեւ անցյալ տարի այն լիարժեք մեկնարկել է միայն նոյեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share