Բաժին. Տնտեսական

ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով համաշխարհային շուկայում գրանցվել է ոսկու և պղնձի գների զգալի անկում, որը հիմնականում պայմանավորվել է Եվրագոտու պարտքային ճգնաժամի սպասումներով: Այսպես, նախորդ շաբաթվա հինգ առևտրային շրջանների արդյունքում ոսկու գինը նվազել է 8,54%-ով և կազմել 1656,49 ԱՄՆ դոլար/ունցիա: Ըստ վերլուծաբանների գնահատականների` ոսկու գնի անկնման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի որոշումը, ըստ որի հետաձգվել է դրամավարկային «նոր» քաղաքականության իրականացումը:

Հիշեցնենք, որ «Թվիստ» ծրագիրը նախատեսում էր ԱՄՆ պետական պարտատոմսերի պորտֆելի վերակազմավորում: Մասնավորապես, մինչև 2012 թվականի սկիզբը պլանավորվում էր վաճառել մինչև երեք տարի մարման ժամկետով պետական պարտատոմսեր` դրանց փոխարեն գնելով 6-30 տարի մարման ժամկետով պարտատոմսեր:

Միևնույն ժամանակ, նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով ֆյուչերսների շուկայում պղնձի գինը նվազել  է 15,56%-ով և կազմել 3,316  ԱՄՆ դոլար: Վերջինիս պատճառ են դարձել Եվրագոտու և Չինաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաև Լոնդոնյան մետղաների բորսայում կարմիր մետաղի պահուստների փոփոխությունը և համաշխարհային տնտեսության աճի «բացասական» կանխատեսումները:

Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների` ֆյուչերսների շուկայում պղնձի գնանշումները առաջիկայում հիմնականում պայմանվորված կլինեն ԱՄՆ-ի և Եվրագոտու մակրոտնտեսական ցուցանիշներով և կտատանվեն 3,07–3,41 ԱՄՆ դոլար/ֆունտի սահմաններում:

Share