Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԿՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԲԱՆԿԸ

ԱՄՆ ֆինանսական վերահսկող մարմինները փակել են ևս մեկ ամերիկյան բանկ` First International Bank-ը: Արդյունքում, ինչպես հաղորդում է ԱՄՆ Ավանդների երաշխավորման դաշնային գործակալությունը (FDIC)`այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում փակված բանկերի թիվը հասավ արդեն 74-ի: Նշենք, որ փակման պահի դրությամբ First International Bank-ի համախառն ակտիվների ծավալը կազմել է 239,9 մլն ԱՄՆ դոլար, իսկ ավանդների ծավալը` 208,8 մլն ԱՄՆ դոլար: 

Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում հիմնականում փակվել են մասնավոր բանկեր, որոնց համախառն ակտիվները չեն գերազանցում 1 մլրդ ԱՄՆ դոլար: Այս բանկերը, որպես կանոն, չեն կարողանում պահպանել իրենց շահութաբերություն` ամերիկյան տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի պայմաններում, ինչը և վերջիններիս գործունեության  դադարեցման պատճառ է դառնում:

Հիշեցնենք, որ 2010 թվականի արդյունքներով ԱՄՆ ֆինանսական վերահսկող մարմինները փակել էին շուրջ 157 բանկ, իսկ 2009 թվականին` 140 բանկ:

Share