Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում այսօր` հոկտեմբերի 4-ին, Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: 

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերին: Քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Զարգացման հայկական գործակալության կողմից հյուրերին է ներկայացվել Հայաստանի գործարար ու ներդրումային միջավայրը, երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերը: 

Քուվեյթի Պետության պաշտոնական պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում նախատեսվում են Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարի հանդիպումները ՀՀ վարչապետի և ՀՀ Նախագահի, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ: Կկայանա նաև Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Share