Բաժին. Տնտեսական

GOLDMAN SACHS-Ը ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՎԱՏԱՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ

Ամերիկյան Goldman Sachs բանկը վերանայել է եվրոպական երկրների տնտեսությունների հետագա զարգացումների վերաբերյալ իր կանխատեսումները: Ինչպես նշվում է բանկի կողմից հրապարակված նոր զեկույցում` Եվրոգոտու պարտքային ճգնաժամի ընդհանուր համատեքստում բանկի կանխատեսումները դարձել են առավել «վատատեսական»: Այսպես, Goldman Sachs բանկի վերլուծաբանները այժմ արդեն 2012 թվականի համար կանխատեսում են Եվրագոտու տնտեսության ընդամենը 0.1% աճ` մինչ այս կանխատեսված 1.3%-ի փոխարեն: Միևնույն ժամանակ, առաջիկա մեկ տարում բանկը սպասում է տնտեսության աճի տեմպերի կտրուկ անկում եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես, Գերմանիայում և Ֆրանսիայում:

Հատկանշական է, որ Եվրոպայի ընդհանուր մակրոտնտեսական նկարագրի վատացմանը զուգընթաց Goldman Sachs-ի վերլուծաբանները վերանայել են նաև ամերիկյան տնտեսության վերաբերյալ իրենց կանխատեսումները: Ըստ Goldman Sachs-ի վերլուծաբանների` 2011 թվականի համար սպասվում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 1.7% աճ, իսկ 2012 թվականի համար` 1.4% աճ: Նշենք նաև, որ ամերիկյան այս բանկի գնահատականներով` ներկայումս ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամի կրկնվելու հավանականությունը 40%-ն է:

Իր վերանայված կանխատեսումներում Goldman Sachs-ը 2011 թվականի համար կանխատեսում է համաշխարհային տնտեսության 3.8% աճ, իսկ 2012 թվականի համար` 3.5% աճ: Ինչ վերաբերում է նավթի համաշխարհային շուկայի հետագա զարգացումների վերաբերյալ բանկի գնահատականներին, ապա դրանք նույնպես «վատատեսական են»: 2011 և 2012 թվականների համար ամերիկյան բանկը կանխատեսում է նավթի գնի աճի տեմպերի անկում:
Share