Տնտեսական

Փորձագետները Գերմանիային առաջարկել են 30 տոկոսով կրճատել գազի սպառումը

Գերմանիան գազի սպառումը պետք է 30 տոկոսով կրճատի այն ժամանակվա համեմատությամբ, որը նախորդում էր Էներգետիկական ճգնաժամին, որպեսզի չառաջանան մատակարարումների հետ կապված ընդհատումներ եւ դրա անբավարարություններ:

Այդ մասին հոկտեմբերի 20-ին հաղորդել է Die Welt թերթը՝ վկայակոչելով պետության կողմից ֆինանսավորվող «Արիադնա» նախագիծը, որին մասնակցել են 30 գիտնականներ: «Անհրաժեշտ է 30 տոկոս կրճատել գազի սպառումը նախաճգնաժամային ժամանակների համեմատությամբ»,-մեջբերվում է կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման Պոտսդամի ինստիտուտից նախագծի փոխղեկավար Գունար Լուդերերի խոսքը:

«Դրանով իսկ մենք կկարողանանք զսպել գազի գների աճը եւ մինչեւ ընդունելի մակարդակ սահմանափակել պահպանվող կախվածությունը ներմուծումից»,-արձանագրել է հետազոտողը: Նրա գնահատմամբ, սպառման կրճատումը կամրապնդի Գերմանիայի էներգետիկ սուվերենությունը եւ կբարձրացնի նրա «աշխարհաքաղաքական դիմադրողականությունը»: Փորձագետները «Արիադնա» նախագծի շրջանակներում հաշվի են առել իրադրության զարգացման տարբեր սցենարներ եւ մշակել գազի ճգնաժամից երկրի դուրս գալու մոդելներ: Միեւնույն ժամանակ, հետազոտության տվյալներով, առաժմ ԳԴՀ-ում մասնավոր սպառողները գործնականում չեն նվազեցրել գազի սպառման ծավալները:

Էներգետիկական ճգնաժամը ԵՄ-ում խորացել է հուլիսի սկզբին, երբ սկսվել են Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված առաջին ընդհատումները: Դրանից հետո Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ-ի երկրներին՝ պատրաստվել ՌԴ-ից գազի մատակարարումների լիակատար դադարեցման եւ գործողության մեջ է դրել հանրակցության պետությունների կողմից 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը դրա սպառումը 15 տոկոսով կամավոր կրճատելու պլանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share