Բաժին. Տնտեսական

ԲԱՑՎԵԼ Է «ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ 2011» 4-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Այսօր` հոկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել «ԱրմԹեք կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի բացման արարողությունը: Այս տարի համաժողովն անցկացվում է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության, «Վիասֆեր» տեխնոպարկի, Հայկական Զարգացման գործակալության, տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Յունիքոմփ» ընկերության աջակցությամբ:

Համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումների հետագա աճին: «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և ընդլայնված մասնագիտական ցանց: Համաժողվին ելույթով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների ու մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի և ԱՊՀ այլ երկրներից:

«ԱրմԹեք կոնգրես 2011»  բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի բացմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով ներկաներին համաժողովի բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է. ««ԱրմԹեք»-ը կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով և նպատակ ունի աջակցել այս ոլորտում մեր երկրի շարունակական զարգացումը, խթանել միջազգային գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումների հետագա աճը: «ԱրմԹեք» համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կառավարությանը ոլորտի մասակիցների հետ միասին նայել դեպի ապագան, բացահայտել Հայաստանի հարաբերական առավելություններ ու շեշտադրումներ կատարել դրանց վրա»: 

Share