Բաժին. Տնտեսական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` հոկտեմբերի 10-ին, աշխատանքային այցով մեկնել էր Վայոց Ձորի մարզ` մասնակցելու Ջերմուկում անցկացվող գյուղական համայնքների առաջին համաժողովին, որն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: 

Նախագահը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին ՏԻՄ 15-ամյակի առթիվ, ողջունել համաժողովի անցկացումը, որը, Հանրապետության ղեկավարի խոսքով, թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել գյուղի և նրա հիմնախնդիրների վրա, համատեղ քննարկել առկա հարցերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պետության համար շարունակում է առաջնային մնալ տարածքների համաչափ զարգացման ապահովումը: Այդ նպատակով մշակվել է ՀՀ տարածքների զարգացման հայեցակարգը, որը թույլ է տալու այս կամ այն ծրագրի իրականացումը դիտարկել տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից:

Նախագահի խոսքով, համաչափ զարգացումը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ վերջին տարիներին, հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, նկատելի աշխատանքեր են կատարվել: Իրականացվել են ճանապարհաշինական և ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բազմաթիվ ծրագրեր, զգալի ջանքեր են գործադրվել գյուղական համայնքների, դրանց տնտեսական հնարավորությունների զարգացման, գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ուղղություններով: Մարզերում շարունակվում են կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ներդրումները, կառուցվում և արդիականացվում են բուժհաստատություններ` ավելացնելով որակյալ բուժծառայություններ ստանալու հնարավորությունները:

Նշելով, որ այդ աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները տարբեր են` դրամաշնորհներ, վարկային միջոցներ, պետության սեփական եկամուտներ, Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ նշված միջոցներն օգտագործելիս հնարավորինս հաշվի է առնվել հենց շահառուների, տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքը: 

Երկրի ղեկավարի խոսքով, հանրապետական նշանակություն ունեցող ծրագրերը, որոնք հիմնականում իրականացվում են նախարարությունների միջոցով, ևս մշակվում և իրականացվում են՝ խորհրդակցելով ՏԻՄ-երի, մարզպետների և այլ շահագրգիռ կողմերի հետ:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետությունը մշտապես սատար է կանգնելու ՏԻՄ-երին, բարձրացնելու է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը՝ համոզվածություն հայտնելով, որ ՏԻՄ-երի ներկայացուցիչները ևս տրամադրված են վճռական և ելնելով իրենց բնակավայրի, գյուղի, համայնքի շահերից, կարողանալու են բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունն ու համայնքի ղեկավարի դերը:

Ջերմուկում Սերժ Սարգսյանն այցելել է նաև համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես` նվիրված Հանրապետության մարզերում և համայնքներում անցած 20 տարիներին ծրագրեր իրականացրած միջազգային կազմակերպությունների գործունեության արդյունքներին ու ձեռքբերումներին:

Համաժողովից հետո Նախագահը ծանոթացել է Ջերմուկի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող հյուրանոցային նոր համալիրի շինարարության ընթացքին: Շինարարությունն սկսվել է 2009թ. և նախատեսվում է ավարտել 2013 թվականին:

Share