Բաժին. Տնտեսական

ՇԵՆԳԱՎԻԹԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ`Երևանում բացվել է հինգերորդ ժամանակակից սպասարկման  կենտրոնը: Շենգավիթի հարկային տեսչությունն արդեն ունի նոր մասնաշենք, որտեղ գործում է հարկ վճարողների սպասարկման նորաոճ կենտրոն:

Նշենք, որ տեսչության շենքի հարակից տարածքում կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան նոր մասնաշենք, որի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մարտ ամսից և ընդամենը մի քանի ամիս անց այն արդեն սպասարկում է տեսչության հարկատուներին` միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման սրահով և հարմարավետ աշխատասենյակներով` համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ  այլ պարագաներով: Նոր մասնաշենք են տեղափոխվել տեսչության հիմնական գործառույթներն իրականացնող մարմինները:

Ի դեպ, այստեղ ևս շուտով կգործարկվի վճարային տերմինալը, որի միջոցով հարկատուները կարող են տեղում վճարել վարչական իրավախախտումների համար նշանակված  տուգանքները: Ապագայում նախատեսվում է ներդնել նաև POS-տերմինալ, որը հնարավորություն կտա TAX-քարտեր-ի միջոցով տեղում իրականացնել բոլոր տեսակի հարկային վճարումները` առանց բանկ հաճախելու: Այս նորամուծությունը ևս հարկ վճարողներին թույլ կտա խնայել բավականին ժամանակ և զերծ կպահի ավելորդ թղթաբանությունից:

Ինչպես նշվում է ՊԵԿ-ի հայտարարության մեջ` 2011-ը Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է սպասարկման որակի բարելավման տարի: Այդ նպատակով հստակ խնդիր է դրվել` բոլոր հարկային տեսչությունները համապատասխանեցնել մեկ ընդհանուր չափանիշի. բարձրացնել սպասարկման մակարդակը, բարելավել շենքային պայմանները:

Սպասարկման որակի բարելավմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը` տեսչություններում ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումն է: Երևանում արդեն իսկ գործում է 4 այդպիսի կենտրոն` Կենտրոնի և Մյասնիկյանի հարկային տեսչություններում, Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների տեսչություններում և Էրեբունու, Նոր Նորքի հարկային տեսչություններում, իսկ մարզերում գործում է Վանաձորի տարածաշրջանային սպասարկման առաջին կենտրոնը:

Share