Բաժին. Տնտեսական

ՕԲԱՄԱՆ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ

ԱՄՆ նախագահ Բ.Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ.Քեմերոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել են Եվրագոտում ստեղծված ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր: Այս մասին նշվում է Սպիտակ տան մամլո հաղորդագրության մեջ: 

Համաձայն պաշտոնական հայտարարության` կողմերը համաձայնության են եկել, որ անհրաժեշտ է կտրուկ միջոցներ ձեռնարկել եվրոպական ճգնաժամի` հնարավորինս արագ հաղթահարման ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել են, որ տնտեսական աջակցության և լրացուցիչ խթանման կարիք ունեն ոչ միայն Եվրագոտու, այլև նրա սահմաններից դուրս գտնվող եվրոպական այլ երկրների տնտեսությունները:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին իր զրուցակիցներին է ներկայացրել Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ ջանքերով մշակված` եվրոպական բանկային համակարգի կայունության ապահովմանն ուղղված ծրագիրը, որն արժանացել է ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի դրական գնահատականին:
Share