Բաժին. Տնտեսական

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` հոկտեմբերի 11-ին, Ջերմուկում մասնակցել է Գյուղական համայնքների առաջին համաժողովին, որը կազմակերպվել էր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ համայնքների ղեկավարների կողմից համաժողովը դրական արձագանք է ստացել և առաջարկվել է, որպեսզի այն դառնա ավանդական:«Կառավարությունը նախանշել է, որ տարածքային համաչափ զարգացումը Հայաստանի համար խիստ արդիական է և այս խնդիրն անհրաժեշտ է լուծել: Տնտեսական կարողությունների գերկենտրոնացումը Երևանում խոչնդոտում է ինչպես քաղաքի, այնպես էլ մեր մյուս տարածքների համաչափ զարագացմանը: Այս ոլորտում կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները բարենպաստ պայմաններ են ստեղծելու համայնքների զարգացման համար», – նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ կառավարությունը հաստատել է գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր, որում 10 տարվա կտրվածքով նախանշվել են այն խնդիրները, որոնք ծառացած են ոլորտի զարգացման առջև: «Այսուհետ մենք խոսելու ենք գյուղի և գյուղատնտեսության զարգացման մասին, այլ ոչ թե միայն վերջինիս վերաբերյալ: Սա պայմանավորված է նրանով, որ ժամանակակից աշխարհում գյուղատնտեսության զարգացումն ուղեկցվում է արդյունավետության կտրուկ բարձրացմամբ. բարձրանում է արտադրողականությունը, ձևավորվում են նոր միավորումներ, կոոպերատիվներ, խոշոր տնտեսություններ: Հաշվի առնելով նաև ժամանակակից տեխնիկայի կիրառումը՝ հասկանալի է դառնում, որ մեծածավալ աշխատուժի կարիքը գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավելու առումով գնալով նվազում է: Այս խնդիրը դառնում է մեզ համար կարևորագույնը և դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք ոչ միայն գյուղատնտեսության զարգացման, այլև գյուղում նոր աշխատատեղերի, պայմանների ստեղծման մասին, որոնք համադրելի կլինեն քաղաքային պայմաններին և չեն ստիպի գյուղացուն տեղափոխվել քաղաք ու այնտեղ որոնել աշխատանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի գյուղական վայրերում ծառայությունների մատուցման ու ենթակառուցվածքների զարգացման վրա: 

Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի բավականին մեծ աճ է արձանագրվել գյուղատնտեսության բնագավառում, որը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով: «Բայց և այնպես, ոլորտի զարգացմանը նպաստել են նաև իրականացված աննախադեպ ծավալով ներդրումները՝ ուղղված սերմնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը և մասնավոր ներդրումների ծավալների մեծացմանը: Գյուղատնտեսության զարգացման մյուս ուղղությամբ պետությունն օժանադակել է նաև արտադրանքի իրացման հարցում: Այն լայնածավալ ծրագրերը, որոնք իրականացրել ենք՝ տվել են իրենց արդյունքները: Ստեղծվում են խոշոր այգիներ, գյուղատնտեսական ձեռնարկություններ, որոնք մրցակցելու են փոքր ու միջին ֆերմերների հետ: Սա մոտակա երեք տարիների ընթացքում ստեղծելու է գյուղական ոլորտի զարգացման նոր միջավայր: Կառավարությունն առաջին հերթին օգնելու է փոքր և միջին տնտեսություններին», – ամփոփելով իր խոսքը` նշել է վարչապետը:

Նշենք, որ համաժողովի նպատակն է գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։

Share