Բաժին. Տնտեսական

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎՈՒՄ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

Այսօր` հոկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը մինչև 2014 թ. հոկտեմբերի 15-ը հետաձգել է ներդրումային ծրագրով «Ախթամար» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նշված ՓԲԸ միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։

Ծրագրի համաձայն ընկերությունը Գեղարքունիքի մարզի մոտ 20 հա տարածքում նախատեսում է ստեղծել զբոսաշրջային մեծ համալիր, որը կներառի փոքր հյուրանոցներ (քոթեջներ), հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, ժամանցային տարբեր կենտրոններ, ինչպես նաև լեռնադահուկային երթուղային ցանց: Արդյունքում կբացվի մոտ 110 մշտական աշխատատեղ։

Միևնույն ժամանակ, կառավարության որոշմամբ «Դելֆինարիում-Նեմո» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թ. նոյեմբերի 25-ը։

Դելֆինարիումը Երևանում գործում է 2010 թ. դեկտեմբերից։ Որոշման ընդունումը թույլ կտա պահպանել առկա աշխատատեղերը, շարունակական դարձնել բնապահպանական գիտելիքների տարածումը։

Share