Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՏԵԼԵԲԺՇԿՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ

Այսօր Երևանում մեկնարկեց Տելեբժշկությանն ու Էլեկտրոնային առողջապահությանը նվիրված Առաջին հայկական միջազգային “ԱՐՄՏԵԼԵՄԵԴ. Ճանապարհ դեպի ապագան” կոնգրեսը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ: Կոնգրեսի կազմակերպիչներն են Տելեբժշկության հայկական ասոցիացիան (ՏԲՀԱ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ, UITE), Տելեբժշկության և Է-առողջապահության միջազգային ընկերության (ISfTeH) և Ամերիկյան տելեբժշկական ասոցիացիայի (ATA) հետ պաշտոնական գործընկերության ձևաչափում: Կոնգրեսի գլխավոր հովանավորն է Orange-ը:

Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը արմատականորեն փոխել է առողջապահական ծառայությունների մատուցումը, և շատ մասնագետների այսօր խոսում են “առողջապահական հեղափոխության” մասին: Կոնգրեսի օրակարգում կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխարհում եղած փորձն այս ոլորտում, դրա հնարավոր կիրառումը Հայաստանում, ոլորտի մարտահրավերներն ու հիմնախնդիրները:

«Մեր Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է ծառայեցնել մեր տեխնոլոգիաները հանրային օգուտին, ներառյալ` առողջապահական ծրագրերին: Այս համաժողովին մենք մասնակցում ենք ոչ միայն ֆինանսական աջակցությամբ, այլ նաև մեր միջազգային փորձով: Մենք հրավիրել ենք Ֆրանս Տելեկոմի` e-առողջության լավագույն մասնագետներից մեկին` Պատրիս Քրիստոֆինիին, որն այսօր և վաղը զեկույցով է հանդես գալու և փորձելու է փոխանցել բազմաթիվ երկրներում ձեռք բերված մեր փորձը», ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Կոնգրեսը կտևի երկու օր, որի ընթացքում տեղի կունենան պլենար և գիտական նիստեր, փորձագիտական քննարկումներ և կլոր սեղաններ, կկարդացվեն հիմնարար դասախոսություններ տելեառողջապահության և հարակից ոլորտների համաշխարհային ճանաչում առնվազն տասնհինգ փորձագետների կողմից: Նախատեսվում են նաև կրթական ուղղվածության միջոցառումներ (Տելեառողջապահության միջազգային դպրոցի սեմինար), և, վերջապես, հայրենական և միջազգային ձեռնարկությունների ցուցահանդես:

Իրադարձությանն իր տեսակի մեջ առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում:

Share