Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՏԵՔՍՏԻԼ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ 2011» ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Երեկ` հոկտեմբերի 14-ին, «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում կայացավ «Տեքստիլ և նորաձևություն 2011» խորագրով առաջին միջազգային գործարար համաժողովը և մեկնարկեց տեքստիլ արտադրանքի ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին և խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Միջազգային արդյունաբերական համագործակցության կենտրոնի (UNIDO) տեխնոլոգիական համագործակցության և ծրագրերի մշակման բաժնի տնօրեն Մուհամեդ-Լամին Դաուին: 

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է տեքստիլ արդյունաբերության ավանադույթների պահպանումը: Նա նշել է, որ այսօր այս ոլորտում մեր երկրում արդեն իսկ առկա են զարգացման դրական արդյունքներ: Տեղեկացնելով, որ մշակվել է տեքստիլ արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ, Տիգրան Սարգսյանն ասել է, որ նրա նպատակը Հայաստանում առկա ներուժի օգտագործումն ու ոլորտին նոր ազդակներ հաղորդելն է:

Համաժողովի նպատակն է վերհանել Հայաստանի տեքստիլ ոլորտի մրցակցային առավելությունները, բացահայտել արտադրության արդիականացման և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ստեղծել միջազգային գործարար նոր կապեր և ամրապնդել համագործակցությունը գործընկերների հետ:
Գործարար համաժողովի կազմակերպիչն է Զարգացման հայկական գործակալությունը` Միջազգային արդյունաբերական համագործակցության կենտրոնի (UNIDO), Կովկասյան զարգացման գործարարության կենտրոն – Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «Ատեքս» նորաձևության կենտրոնի հետ համատեղ: 

Համաժողովին մասնակցեցին ոլորտի ավելի քան 40 տեղական ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, ինչպես նաև արտադրողներ և ոլորտի ներկայացուցիչներ Եվրասիական տնտեսական համագործակցության, Հարավային Կովկասի ու ԵՄ երկրներից: 

Միջոցառման շրջանակներում կազմակերպվեցին նաև կլոր սեղաններ` «ՄԱԱԶԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի տեքստիլ արդյունաբերության արդիականացման մեթոդոլոգիան» և «Տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները և հեռանկարները Հարավային Կովկասում» թեմաներով: Միջոցառման ավարտին հայ դիզայներները ցուցադրեցին նորաձևության հավաքածուներ:

Share