Բաժին. Տնտեսական

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 10 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ

Երևան-Գավառ-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Գավառտրանս» ընկերությունը, որը լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք և շահել է մրցույթը, փաստացի ուղևորափոխադրումներ է իրականացրել 1000 դրամով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից`  Հանձնաժողովը, մարզերի բնակիչների, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, ուսումնասիրել է նշված երթուղու գործունեությունը: Արդյունքում պարզվել է հետևյալը: «Գավառտրանս» ընկերությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 3 երթուղի՝  Երևան-Գավառ-Երևան (համար 303), Երևան-գ.Սարուխան-Երևան (hամար 313) և Գավառ-Երևան-Գավառ (համար 326): Ընդ որում,  ընկերությունը պարտավորվել է 313 և 326 համարի երթուղիները սպասարկել 1000, իսկ Երևան-Գավառ-Երևան ուղղությունը՝ 500 դրամով, որն էլ ըստ էության հանդիսանում է բոլոր 3 երթուղիներից հիմնականը:

Սակայն, փաստացի «Գավառտրանսը» միտումնավոր կերպով չի կատարել իր պարտավորությունները, ինչի արդյունքում էլ Երևանից Գավառ մեկնողները ստիպված են եղել վճարել կրկնակի ավել գումար՝ 500-ի փոխարեն 1000 դրամ: 

Հանձնաժողովի դիտարկմամբ, «Գավառտրանսը» ունի գերիշխող դիրք, քանի որ այն հանդիսանում է Գավառը և հարակից գյուղերը սպասարկող միակ երթուղին:  Իր վարքագծով նա խոչընդոտել է առավել բարեխիղճ ընկերությունների մուտքը նշված շուկա, քանի որ մրցութային փաթեթում առաջարկել է անհամեմատ ցածր գին, ինչն էլ մրցույթը շահելու հիմնական պատճառներից մեկն է հանդիսացել: Փաստորեն, «Գավառ տրանսը» չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և սպառողներին առաջարկել է ծառայությունների մատուցման այլ պայմաններ՝ ոտնահարելով նրանց իրավունքները:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ, տնտեսվարողի նման վարքագիծը գերիշխող դիրքի չարաշահում է, որի համար Հանձնաժողովի որոշմամբ ընկերության  հանդեպ կիրառվում է 10 միլիոն դրամ տուգանք:
Հանձնաժողովը «Գավառտրանս» ընկերությանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում վերացնել խախտումը, «Երևան-Գավառ-Երևան երթուղու ուղևորներից գանձել 500 դրամ, հակառակ դեպքում հրաժարվել լիցենզիայից՝ հնարավորություն տալով այլ տնտեսվարողների աշխատել բարեխիղճ և օրենքի դաշտում:
Հանձնաժողովի կողմից կատարված  ուսումնասիրության ողջ փաթեթը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը:
Share