Բաժին. Տնտեսական

ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ` ԱՐԴԵՆ ՆԱԵՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Միգրացիայի Միջազգային Կազմակերպությունը (ՄՄԿ) և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ԵՄ ֆինանսական օժանդակությամբ, իրականացնում են «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանից դեպի ԵՄ աշխատանքային միգրացիոն հոսքերի կառավարմումը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՄՄԿ Հայաստանի առաքելության ծրագրերի մշակման և իրականացման բաժնից` ԵՄ միգրացիոն օրենսդրության ոլորտում հայ պաշտոնյաների գիտելիքները խորացնելու նպատակով ս. թ. հոկտեմբերի 19-20-ը նշված ծրագրի շրջանակներում առաջին անգամ անց է կացվում հատուկ ուսուցում` միգրացիոն ոլորտի ԵՄ համաեվրոպական օրենդրության (Acquis) վերաբերյալ:

Ընթացքում են նաև բանակցությունները ԵՄ – Հայաստան շարժունության շուրջ գործընկերության հանաձայնագրի վերաբերյալ, ինչպես նաև առկա է հնարավորություն բանակցություններ սկսելու ԵՄ – Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրինացման և ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ:  

Այս առումով ԵՄ միգրացիոն օրենսդրության վերաբերյալ խորացված գիտելիքների ձեռքբերումը  հատկապես ժամանակին է: Դասընթացը կանդրադառնա ԵՄ ապաստանի տրամադրման ընդհանուր քաղաքականությանը, ԵՄ տարածքում ազատ տեղաշարժին, ԵՄ-ում կանոնավոր և անկանոն միգրացիային, ինչպես նաև ԵՄ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ թվում` ուշադրություն դարձնելով տնտեսական և սոցիալական իրավունքներին, առողջությանը և անվտանգությանը աշխատավայրում: Այս վերապատրաստումը գալիս է լրացնելու 2011 թ. հոկտեմբերի 5-7-ին Երևանում անցկացված նախորդ դասընթացին, որի նվիրված էր աշխատանքային միգրացիայի կազմակերպոմանը երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համաձայնագրերի միջոցով և նպատակ ուներ զորացնել պետական ​​պաշտոնյաների կարողությունները` ավելի լավ կառավարելու աշխատանքային միգրացիան միջպետական ​​համագործակցության միջոցով: Երկու դասընթացներն էլ կազմակերպվել են ՄՄԿ-ի Միջազգային միգրացիոն իրավունքի գլխավոր վարչության հետ սերտ համագործակցությամբ:

«Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագիրը նպատակաուղղված է հայ աշխատավորների շրջանաձև միգրացիայի համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը և իրազեկվածության բարձրացմանը միգրացիայի կառավարման ԵՄ օրենսդրությանը հնարավոր մոտարկման մասին: Ծրագրի բաղադրիչները փոխկապակցված են և ներառում են քաղաքականության հարցերով խորհրդատվություն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, ուսուցում և իրազեկվածության մակարդակի բարձրացում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի «Միգրացիայի և ապաստանի ոլորտներում երրորդ երկրների հետ համագործակցություն» թեմատիկ ծրագրի կողմից` 1950000 եվրոյի չափով:

Ծրագիրը  նպատակ ունի նաև խթանելու երկկողմ աշխատանքային համաձայնագրերը Հայաստանի կառավարության և ԵՄ նպատակակետ երկրների կառավարությունների միջև` միջնորդելով նման համաձայնագրերի կնքմանը` հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա: Ինչ վերաբերում է Եվրոմիությանը, շարժունության շուրջ գործընկերությունը, որպես միգրացիայի հանդեպ գլոբալ մոտեցման գործիք, կարող է ծառայել միգրացիային և զարգացմանը նպաստելուն, այդ թվում`  աշխատանքային միգրացիայի ոլորտում պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

ՄՄԿ Հայաստանի առաքելության ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանի խոսքերով`  առաջին անգամն է, որ ԵՄ միգրացիոն օրենսդրության թեմայով դասընթաց է առաջարկվում միգրացիայի կառավարման ոլորտում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին: Ակնկալվում է, որ ուսուցման ծրագրի շնորհիվ միգրացիայի կառավարմամբ զբաղվող պաշտոնատար անձինք ոչ միայն ձեռք կբերեն ԵՄ միգրացիոն օրենսդրության ավելի լավ ըմբռնում, այլև ի վիճակի կլինեն տեսնելու ԵՄ օրենսդրության մոտարկման կարևորության ընդհանուր տեսլականը, և ի վերջո ավելի լավ կկառավարեն աշխատանքային միգրացիան`  անկանոն միգրացիան փոխարինելով օրինական աշխատանքային միգրացիայով:

Share