Բաժին. Տնտեսական

ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ DEXIA ԲԱՆԿԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Քաթարի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը` Qatar National Bank-ը, բանակցություններ է վարում Թուրքիայի հետ` ներկայումս ծանր ֆինանսական դրության մեջ հայտնված ֆրանս-բելգիական Dexia SA բանկի թուրքական ակտիվների գնման ուղղությամբ: Ինչպես հաղորդում են եվրոպական աղբյուրները` այս բանակացություններն ընթանում են արդեն մեկ ամիս:

Հիշեցնենք, որ վերջերս Բելգիայի կառավարությունը ևս հայտնել էր իր մտադրությունն «օգնություն ցույց տալ» անկման եզրին հայտնված Dexia ֆինանսական խմբին`գնելով այս կառույցի բելգիական ակտիվները: Միևնույն ժամանակ, նախատեսվում է նաև, որ Բելգիայի կառավարությունը կերաշխավորի բանկի ակտիվների շուրջ 60%-ը` 90 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ:

Ֆրանս-բելգիական Dexia բանկը, որը զգալի տուժել է եվրոպական պարտքային ճգնաժամի ներկայիս պայմաններում, կարևոր նշանակություն ունի եվրոպական բանկային համակարգի կայունության համար, ինչով և պայմանավորված այս բանկի ֆինանսական խնդիրները հայտնվել են եվրոպական երկրների ուշադրության կենտրոնում:

Dexia-ն հիմնադրվել է 1996 թվականին` բելգիական  Credit Communal և ֆրանսիական Credit Locale բանկերի միավորման ճանապարհով: 2008-2009 թվականներին բանկը 6,4 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանասական օգնություն է ստացել Ֆրանսիայից, Բելգիայից և Լյուքսեմբուրգից:

Share