Բաժին. Տնտեսական

ITU TELECOM WORLD 2011 ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 25-27-ը Ժնևում (Շվեյցարիա) տեղի կունենա Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից կազմակերպված «Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» (ITU Telecom World 2011) միջոցառումը, որին կմասնակցի նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ միջոցառման շրջանակներում նախարար Մ.Վարդանյանը հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում` ITU գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի և ITU զարգացման բյուրոյի տնօրեն Բրահիմ Սանույի: Նախատեսվում են համաժողովներ, ինչպես նաև ղեկավար կազմի գագաթաժողով` հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների, մարտահրավերների և դրանց  ամենաարդյունավետ լուծումները գտնելու  նպատակով:

«Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011»-ի շրջանակներում կլինեն նաև քննարկումներ համացանցի ապագայի, տվյալների ազատ և անվտանգ փոխանցման, շարժական լայնաշերտ կապի ապահովման, նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաև  հաջողված հանրային և մասնավոր սեկտորի համագործակցության մոդելների ուսումնասիրությանը:

Կկազմակերպվի նաև հաղորդակցական տեխնոլոգիաների և դրանց կիրառման թեմայով տեխնիկական ցուցահանդես, որի ընթացքում առանձին տաղավարներում կցուցադրվեն մի շարք ընկերությունների թվային և հաղորդակցական տեխնոլոգիաներ ու գործիքներ:

Share