Տնտեսական

Մարտին Գալստյան. ՀՀ-ում գնաճը 9.5% է, դա մեր թիրախի համեմատ բավականին բարձր է

Գնաճը Հայաստանում ու աշխարհում  շարունակում է օրակարգային թեմա մնալ: Ազգային Ժողովում Կենտրոնական Բանկի նախագահ Մարտին Գալստյանը գնաճային իրավիճակը ներկայացնելը, նախ, միջազգային համադրումներով է սկսում:

«Վրաստանում գնաճը 10,6 տոկոս է, Եվրոգոտում՝ 10,7, Ղազախստանում՝ 18,8: Սրանք հոկտեմբերի տվյալներ են: Սեպտեմբերի դրությամբ Ռուսաստանում գնաճը 13,7 տոկոս էր, Բելառուսում՝ 17,4, Մոլդովայում՝ 34, ԱՄՆ՝ 8,2: Հոկտեմբերի վերջի տվյալների համաձայն՝ Հայաստանում գնաճը 9,5 տոկոս է: Սա մեր թիրախի համեմատ բավականին բարձր է, իսկ մեր թիրախը 4 տոկոս է», – ասում է ԿԲ նախագահն ու նկատում՝ ԿԲ ողջ գործիքակազմը միտված է գնաճի խնդիրը լուծելուն:

Իսկ ինչ գործիքակազմով է Կենտրոնական Բանկը պայքարում գների աճան դեմ:

«Նախ, տոկոսադրույքներն ենք բարձրացնում: Կա փոխարժեքի որոշակի արժևորում՝ արտաքին պահանջարկով ու արտաքին միջամտությամբ պայմանավորված: Եթե փոխարժեքը չարժևորվեր, ապա գնաճը 15 տոկոս կլիներ», – ԿԲ նախագահը դրական է գնահատում նաև ՖԱՕ-ի ինդեքսի շարունակական նվազումը:

Կենտրոնական Բանկից ակնկալում են, որ գազի ու էլեկտրաէներգիայի գների որոշակի նվազում էլ կլինի, քանի որ գնի կոմպոնենտի էական մասը փոխարժեքն է: Իսկ գնաճի ցուցանիշը Հայաստանում թիրախային 4 տոկոսին կմոտենա 2023-ի երրորդ եռամսյակում:

Share