Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԻՃԱԿԻՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա մրցույթի հաղթող երեք մենեջերներին, ովքեր այս տարվա օգոստոսին երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց են անցել Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Institute): Հանդիպմանը ներկա էին նաև մրցանակաբաշխության նախաձեռնող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը: 

Սթենֆորդի համալսարանում վերապատրաստում անցած մենեջերները ոգևորությամբ են խոսել դասընթացի արդյունքների մասին և կիսվել իրենց տպավորություններով: Մասնավորապես, նրանք նշել են, որ երկշաբաթյա ինտենսիվ թրեյնինգը հնարավորություն է տվել ծանոթանալ ՏՏ ոլորտի առաջատար ամերիկյան ընկերությունների մենեջմենթի և աշխատանքի կազմակերպման գործընթացներին: Նրանք ընդգծել են, որ կիրառական գիտելիքների ձեռքբերումը նպաստում է ՏՏ ոլորտում գործող մենեջերների որակավորման բարձրացմանը և պատրաստակամություն հայտնել դրանք փոխանցել հայաստանյան ՏՏ ոլորտի մյուս մասնագետներին` ընդլայնելով այդ գիտելիքների հասանելիության շրջանակը: Նշվել է, որ դասընթացների ընթացքում հաստատված կապերի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբերին Երևանում ՏՏ ոլորտի Start-up weekend անցկացնել: Այնուհետև վերապատրաստում անցած մասնակիցները վարչապետ Սարգսյանին են ներկայացրել Հայաստանի ՏՏ ոլորտում իրենց ընկերությունների գործունեության ուղղությունները: 

Կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում` կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ եմ որ ոգևորված եք վերադարձել: Դա մեզ էլ է ոգևորում, որ շարունակենք այս գործը, ինչպես նաև ՏՏ ոլորտի ցուցահանդեսները նոր թափ ստանան: Ցուցահանդեսների մասնակիցների քանակից և որակից, ներկայացրած արտադրանքից ու հետաքրքրող հարցերից արդեն պարզ է դառնում, որ այս դաշտում որակական փոփոխություն է տեղի ունենում»: 

Իր հերթին մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանը վերապատրաստման դասընթացի մասնակիցների թվով գերազանցում էր ԱՊՀ երկրներին, ինչը վկայում է ՏՏ ոլորտի կառավարիչների կատարելագործման նկատմամբ ցուցաբերվող ուշադրության մասին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայիս վիճակի և զարգացման միտումների վերաբերյալ:

ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության
գաղափարը ծնվել է դեռևս 2 տարի առաջ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա մենեջերների որակավորման բարձրացմանը` հանրապետության տարբեր ընկերություններում աշխատող մենեջերներին հնարավորություն տալով վերապատրաստման դասընթացների մասնակցել աշխարհի հեղինակավոր համալսարաններում:

Մրցանակաբաշխության նախաձեռնողը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է, հովանավորը` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: Դասընթացների կազմակերպման նպատակով ընկերությունը հատկացրել է շուրջ 20 միլիոն ՀՀ դրամ:

Համաձայն մրցանակաբաշխության ծրագրի` յուրաքանչյուր տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից հայտարարվում է մրցույթ` բացահայտելու ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատող լավագույն 3 մենեջերներին, ովքեր կմեկնեն համալսարան մենեջմենթի կուրսերի: Մրցանակաբաշխությունում հաղթող մենեջերները չեն մասնակցի առնվազն հաջորդ 3 տարվա մրցույթին: Այս տարվա մրցանակաբաշխության հաղթողները 15-օրյա վերապատրաստման դասընթաց են անցել Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute): 3 թեկնածուների վերապատրաստման վարձավճարը կազմում է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել առավելագույնը 50 աշխատող ունեցող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների մինչև 40 տարեկան մենեջերները:

Share