Բաժին. Տնտեսական

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ UBS ԲԱՆԿԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ

Աշխարհի խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից մեկը` շվեյցարական  UBS բանկն, ամփոփել է 2011 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Բանկի ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում բանկի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է շուրջ 38,6%-ով և կազմել 832,2 մլն եվրո: Այս նույն ժամանաակահատվածում, սակայն, UBS բանկի գործառնական շահույթն աճել է 19.8%-ով` կազմելով 799.6 մլն եվրո:

Հատկանշական է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված շվեյցարական այս բանկն արդեն երրորդ տարին անընդմեջ գրանցում է հաճախորդների միջոցների արտահոսք: Այս շարունակական երևույթն արդյունք է նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությանը բանկի ամերիկացի հաճախորդների բանկային գաղտնիքների փոխանցման շուրջ ծավալվող սուր խոսակցությւոնների: Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը շվեյցարական բանկին մեղադրում է հարկերից խուսափող ամերիկացիներին աջակցելու մեջ:

UBS բանկը հիմնադրվել է մոտ հարյուր տարի առաջ, սակայն ներկայիս տեսքով ի հայտ է եկել 1998 թվականին՝ Union Bank of Switzerland և Swiss Bank Corporation բանկերի միավորման արդյունքում: Բանկն իր մասնաճյուղերն ունի աշխարհի 50 երկրներում: Բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 77 հազար մարդ:

Share