Բաժին. Տնտեսական

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ` ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում  ՀՀ կառավարությունը որոշել է ոչ արտադրական նպատակով թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ընտանիքների համար սահմանել բնօգտագործման վճարների գծով արտոնություն` ըստ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և սահմանափակումների 100 տոկոսի չափով։

Ակնկալվում է, որ որոշման ընդունումը թույլ կտա անտառամերձ բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքներն առաջնահերթ ապահովել անվճար թափուկ վառելափայտով. նախկինում թափուկ վառելափայտ էր հատկացվում 1 խմն 1200 դրամով։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ որոշումն ունի նաև հստակ սոցիալական ուղղվածություն: «Սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիներն այս հարցն արծարծել էին ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Եղավ Նախագահի հանձնարարականը` ուսումնասիրել իրավիճակը և գտնել այնպիսի լուծում, որը, մի կողմից, չի վտանգի անտառները, բայց մյուս կողմից կապահովի, որպեսզի բնականոն առաջացած թափուկներն այդ շրջաններում ապրող մեր գյուղացիները կկարողանան օգտագործել։ Այս որոշումն ապահովում է հենց այդ լուծումը։ Ավելորդ քաշքշուկ այլևս չի լինի, նաև իրավապահ մարմինները կարող են իրենց ուշադրության կենտրոնում պահել այս որոշումը` հնարավորություն տալով մեր գյուղացիներին օգտվել այդ թափուկներից», – պարզաբանել է վարչապետը:

Share