Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԳՆԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՐՔԻ ԱՌԱՋՄՂՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 49%-Ը

Հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ գյուղատնտեսության գերակա ճյուղ լինելը, կարևոր համարելով ջերմոցային տնտեսության զարգացումը և այդ համատեքստում արտաքին շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի առաջմղման շղթայի ձևավորման նշանակությունը`  ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում որոշել է մասնակցություն ձեռք բերել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում` դրա 49 տոկոսի չափով, և այդ նպատակով յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով գնել ընդամենը 490 բաժնետոմս։  Ինչպես նշվում է ՀՀ կառավարության հայտարարության մեջ` նշված 4 մլն 900 հազար դրամը կհատկացվի ՀՀ կառավարության աշխատակազմին։

Որոշվել է նաև «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում ՀՀ պետական բաժնեմասի կառավարման իրավասությունը լիազորել ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականին` նրա համաձայնությամբ։ Ծրագիրը, որը հիմնականում նախատեսված է իրականացնել մասնավոր կապիտալի ներգրավմամբ, բացի ներդրողների համար շահավետ գործունեության ապահովումից, կունենա նաև մակրոտնտեսական և սոցիալական մի շարք դրական արդյունքներ։ 

Նշելով այս հանգամանքը` վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այս փորձնական ծրագիրն աշխատատեղերի բավական մեծ աճ է խոստանում. «Եթե ջերմոցային տնտեսությունների զարգացման այս մոդելն իրեն արդարացնի, ապա մենք Հայաստանում՝ ջերմոցային տնտեսությունների մեծ ցանց ունենալու շնորհիվ ակնկալում ենք 40-50 հազար աշխատատեղերի ստեղծում։ Հիմնվող ընկերության նպատակը Հայաստանի Հանրապետությունում նման բիզնես ծրագրերի ներդրմանն օժանդակելն է»։

Share