Բաժին. Տնտեսական

ԱԺ-ն քննարկեց ամսական նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ դարձնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հաջորդ տարվանից նվազագույն  ամսական աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 75 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Նախաձեռնությունը բխում է Կառավարության գործունեության ծրագրից: Ըստ Սարգսյանի՝ նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև՝ երկրի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն պարունակող բազաների վերլուծության արդյունքները:

«Առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68 հազարի դրամից դարձնելով 75 հազար դրամ»,-ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ «Բիզնես 24»-ում հասանելի է հարմարավետ աշխատավարձի հաշվիչ։ Նվազագույն աշխատավարձի փոփոխության դեպքում 2023թ. հունվարի 1-ից հաշվիչում կներառվեն աշխատավարձի և հարկերի ուժի մեջ մտած շեմերը։

Share