Բաժին. Տնտեսական

ՊԱՐԶԵՑՎՈՒՄ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և դրանց սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացը պարզեցնելու, քաղաքացիներին (իրավաբանական անձանց) ավելորդ պարտականություններով չծանրաբեռնելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր երկու որոշումներում և վերացրել նշված գործընթացներն իրականացնելիս տեխնիկական զննության և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոններ ներկայացնելու պահանջը։

Միևնույն ժամանակ, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ինչը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքից, որի համաձայն փոփոխվելու են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը։ Մասնավորապես, կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներն այլևս չեն ունենալու ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։ Այսպիսով, կադաստրի ոլորտում սկսվել է համակարգային բարեփոխում, որի նպատակն է գործառույթների իրականացման վարչարարության բարելավումը։

Share