Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԽՈՐՀՐԴԻ 55-ՐԴ ՆԻՍՏԸ

Այսօր Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ երկօրյա նիստը: Վերջինիս մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղված հարցերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Մեր երկրի հարավը մյուս ուղղություններին կապող երկաթգծի կառուցման ծրագիրը հանդիսանում է կառավարության ծրագրային առաջանահերթություններից և ռազմավարական խնդիրներից մեկը: Այժմ մեր առջև է ծառացած երկաթուղային տրանսպորտի միջոցով ուղևորների և բեռների տեղափոխությունների մակարդակի բարձրացման խնդիրը, որին էլ նպատակաուղղված են իրականացվող միջոցառումները»,- ասել է Տիգրան Սարգսյանը, միաժամանակ, կարևորելով երկաթուղային տրանսպորտի զարգացման գործում ԱՊՀ երկրների միջև համագործակցության խորացումը: «Վստահ ենք, որ մեր երկրների միջև երկաթուղային համակարգերի ինտերգրումն առաջնային նշանակություն ունի նաև հետագա տնտեսական աճի ապահովման տեսակետից»: 

Այս առումով, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պաշտպանում է մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ-պետությունների միջև երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագիրը, որն ընդունվել է ԱՊՀ երկրների կողմից՝ հոկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ այս ծրագրի ամբողջական իրականացման համար: Նշելով, որ այս հայեցակարգի նպատակն է միասնական ռազմավարական ծրագրերի մշակումը՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ այն նախատեսում է ԱՊՀ պետությունների տարածքներով միջազգային տրանսպորտային միջանցքների, ենթակառուցվածքների զարգացում, արագընթաց երկաթուղու ստեղծում, տեխնիկական չափանիշների համատեղ ապահովում և այլն գործընթացներ:

Հիշեցնելով, որ արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվել Հարավկոսվկասյան երկաթուղիներ ընկերությանը, վարչապետն ասել է, որ այս ընթացքում բոլորը մեր երկրի երկաթուղու դինամիկ զարգացման ականատեսն են եղել: 

 Անդրադառնալով Հայաստանի այս տարվա տնտեսական ցուցանիշներին՝ վարչապետը տեղեկացրել է, որ առաջին 9 ամիսների ընթացքում մեր երկրում արձանագրվել է 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչը պայմանավորված է գործընկեր պետությունների հետ առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմամբ և կառավարության տնտեսական քաղաքականությամբ: Նշելով, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մակարդակն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 25. արտահանումը՝ 30, իսկ ներմուծումը՝ 17 տոկոսով, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս աճը կապված է նաև երկաթուղային բեռնափոխադրումների ավելացման շնորհիվ:

Վարչապետը, բարձր գնահատելով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի կատարած աշխատանքը՝ մեր երկրի երկաթուղու զարգացման գործում, ընդգծել է, որ մեծ է նրա ավանդը նաև ԱՊՀ անդամ-պետությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներում: 

ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ երկօրյա նիստում Խորհրդի անդամները կքննարկեն նախորդ նիտում ընդունված որոշումների կատարման ընթացքին, գնացքների երթևեկության 2012-2013 թվականների նորմատիվներին, երկաթուղային ադմինիստրացիաների միջև փոխադարձ հաշվարկների կարգին, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան: Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:

Share