Բաժին. Տնտեսական

ՕԲԱՄԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Եվրամիության` ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ծրագրին: «Կարծում են, որ սա զգալի առաջընթաց է, և այժմ կարևոր է արդեն ծրագրի արդյունավետ իրագործումը»,-նշել է Օբաման` ընդգծելով, որ եվրոպական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը դրական ազդեցություն կունենան նաև ամերիկյան տնտեսության վրա: «Եթե Եվրոպան թուլանա և չապահովի տնտեսական աճ, ապա դա անմիջապես կանդրադառնա ԱՄՆ տնտեսության վրա` զսպելով միջազգային առևտուրն ու բիզնեսի ընդլայնման հնարավորությունները», – փաստել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Բրյուսելում կայացած հերթական հանդիպման ժամանակ Եվրամիության և Եվրագոտու անդամ երկրների ղեկավարները համակարգել և վերջնականապես հաստատել էին եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման ու տարածաշրջանում առկա ֆինանսական խնդիրների լուծման իրենց տարբերակը: Համաժողովի շրջանակներում ԵՄ ղեկավարները որոշում էին ընդունել մասնակի «համաներում» իրականացնել Հունաստանի պարտքերի նկատմամբ, ինչպես նաև  համալրել Ֆինանսական կայունության և զարգացման եվրոպական հիմնադրամի միջոցները` հասցնելով դրանք շուրջ մեկ տրիլիոն եվրոյի:

 

Share