Բաժին. Տնտեսական

VOLKSWAGEN-Ի ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է

Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen Group ընկերությունն ամփոփել է 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական ամփոփ հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Volkswagen-ի զուտ շահույթն աճել է 3,4 անգամ և կազմել 13,64 մլրդ եվրո: Այս նույն ժամանակահատվածում ընկերության արտադրության ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 14,1%-ով:

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ` հաշվետու ինն ամիսներին Volkswagen-ը իրացրել է 6,17 մլն ավտոմեքենա` համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը հասցնելով 12.4%-ի: Հատկանշական է, որ ամբողջ 2011 թվականի համար գերմանական ավտոարտադրողը ակնկալում է ավտոմեքենաների վաճառքի ծավալների ռեկորդային մակարդակ (8 մլն ավտոմեքենա):

Volkswagen Group-ն աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ընկերություններից մեկն է: Ընկերությունը թողարկում է ավտոմեքենաներ հետևյալ հայտնի բրենդներով`  Volkswagen, Audi, Seat, Skoda:

Share