Բաժին. Տնտեսական

SAMSUNG-Ն ԱՌԱՋ ԱՆՑԱՎ APPLE-ԻՑ

2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով հարավկորեական Samsung Electronics Co. ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է  27,8 մլն սմարթֆոն` իր 23,8% մասնաբաժնով դառնալով շուկայի նոր առաջատարը: Strategy Analytics-ի տվյալներով` այս նույն ժամանակահատվածում նախկին առաջատար ամերիկյան Apple ընկերությունը վաճառել  է 17,1 մլն սմարթֆոն: Վերլուծաբանների գնահատմամբ` ներկայումս Apple-ի մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմում է 14,6%:

Հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ սմարթֆոնների համաշխարհային շուկայում իր մասնաբաժնով Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել ֆիննական Nokia ընկերությունը, որն ապահովել է սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ծավալների 14,4%-ը՝ վաճառելով 11,7 մլն սմարթֆոն:

Նշենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակի արդյուքներով սմարթֆոնների վաճառքի ծավալներով համաշխարհային շուկայում առաջատարն էր Apple ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմել էր 19%: Միևնույն ժամանակ, Samsung-ի մասնաբաժինը կազմել էր 18%, իսկ Nokia-ինը՝ 15%:

Նշենք, որ Samsung ընկերությունը սկսել է սմարթֆոններ արտադրել և վաճառել միայն 2010 թվականի սկզբին, այսինքն՝ երեք տարի ուշ, քան Apple-ը: Եվ ի տարբերությունը Apple-ի, որն արտադրում է միայն iPhone սմարթֆոնը, Samsung-ը համաշխարհային շուկայում ներկայացնում է սմարթֆոնների տարբեր տարատեսակներ, որոնք աշխատում են Bada և Android օպերացիոն համակարգերով:

Հատկանշականը է, որ 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով բջջային հեռախոսների վաճառքի ծավալներով համաշխարհային շուկայում առաջատար է Nokia-ն, որին բաժին է ընկնում բջջային հեռախոսների համաշխարհային վաճառքի 27,1%-ը: Վերջինիս հաջորդում է Samsung ընկերությունը, որի մասնաբաժինը բջջային հեռախոսների համաշխարհային շուկայում կազմում է 22,3%:

Share