Բաժին. Տնտեսական

ՎԱՐՈՒՅԹՆԵՐ` ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր` նոյեմբերի 2-ին, կայացած նիստում որոշում կայացրեց վարչական վարույթներ հարուցել բնական հյութեր ներմուծող և արտադրող մի շարք տնտեսվարողների նկատմամբ:

Այսպես, ՏՄՊՊՀի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «առանց շաքարի» գրառումը պարունակող մի շարք հյութերում առկա է ավելացված շաքարի մեծ քանակություն: Կան հյութեր, որ պատրաստված են իրականում ավելի էժան մրգատեսակներից, սակայն համային տարբեր նյութերի կիրառման միջոցով իրացվում են  ուրիշ մրգատեսակների անվան տակ: Օրինակ, բացահայտվել են դեպքեր, երբ «100%-անոց նարնջի հյութ» անվանումը կրող հյութը պարունակում է խնձոր: Բացահայտվել են նաև դեպքեր, երբ «100%-անոց բնական հյութ» անվանումը կրող հյութերը բացված են ջրի մեծ քանակությամբ, առկա են այլ նյութեր, որոնց դեպքում արդեն տվյալ հյութը չի կարող կոչվել բնական հյութ: Կան նաև դեպքեր, երբ հյութի վրա նշված է առանց կոնսերվանտների, սակայն դրանք իրականում պարունակում են որոշակի տեսակի կոնսերվանտներ:

Այսպիսով, մի շարք տնտեսվարողներ սպառողներին մոլորեցնելու և խաբելու միջոցով դրսևորում են անբարեխիղճ մրցակցություն`շուկայում ստանալով մրցակցային առավելություներ:  

Share